Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը մեկնաբանել է իր ելույթը

03 Սեպտեմբեր, 2018 10:45
Հեղինակ՝ Հայկ Մարության
 Հայկ Մարությանը մեկնաբանել է իր ելույթը

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է երեկվա իր ելույթում հնչեցրած մտքերը, որոնք լայն արձագանք էին գտել սոցցանցերում և քննադատության պատճառ էին դարձել:

Հայկ Մարությանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանում իրավիճակը շատ պարզ է, կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր: Նա ասել էր, թե իրենց դեմ խաղ չկա:

«Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»,-ասել էր նա:

 Այս հայտարարությունը պարզաբանող գրառումը ներկայացնում ենք ստորև.


«Սիրելի ժողովուրդ,

Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։

Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։

Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։

Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին