Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

10 Օգոստոս, 2018 17:10
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ: Ինչպես   տեղեկացրին Անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, Արմեն Գրիգորյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:

Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենն Անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ, զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ  Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում  բուժվող յուրաքանչյուր անձի:

Արմեն Գրիգորյանը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:

Հանդիպման վերջում  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով:

 

Լրահոս

Դիտել ավելին