Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայի նորընտիր նախագահը կհրաժարվի զինված թիկնազորից ու իր անվտանգությունը կվստահի «սովորական» մարդկանց

10 Օգոստոս, 2018 11:40
Մեքսիկայի նորընտիր նախագահը կհրաժարվի զինված թիկնազորից ու իր անվտանգությունը կվստահի «սովորական» մարդկանց

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ կհրաժարվի գաղտնի ծառայության պաշտպանությունից՝ փոխարենը նախընտրելով 20 անզեն տղամարդուց ու կնոջից բաղկացած թիկնազոր: 

Ինչպես նշում է Reuters-ը, դեռևս իր լիազորությունները չստանձնած նախագահի խոսքով՝ նման թիկնազորում ներառված կլինեն ոչ թե գործակալներ, այլ սովորական մարդիկ՝ փաստաբաններ, բժիշկներ, ինժեներներ և այլն:

Հատկանշական է, որ գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին պաշտպանում է 2.000 հոգանոց զինված թիկնազորը:
Աղբյուրը նկատում է, որ հուլիսին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Լոպես Օբրադորն իրեն ներկայացնում է որպես «ժողովրդական նախագահ», խոստացել է հրաժարվել այդ պաշտոնի համար սահմանված որոշ արտոնություններից ու ճոխություններից: 

Սակայն նրա վերջին որոշումը՝ զինված թիկնազորից հրաժարվելու վերաբերյալ, մտահոգության լուրջ առիթ է տվել, քանի որ Մեքսիկայում բռնության մակարդակն իրոք շատ բարձր է, քաղաքական գործիչների սպանություններն էլ հազվադեպ բան չեն:

Նորընտիր նախագահը, որը պաշտոնավարելու է դեկտեմբերի մեկից, խոստացել է նախագահական շքեղ նստավայրը վերածել մշակութային կենտրոնի, վաճառել նախագահական ինքնաթիռն ու կիսել իր աշխատավարձը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին