Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Անգլերենի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով կստեղծվեն լեզվի ակումբներ

09 Օգոստոս, 2018 13:15
Անգլերենի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով կստեղծվեն լեզվի ակումբներ

Հայաստանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ այսուհետև կիրականացվեն արտադասարանական միջոցառումներ, կստեղծվեն լեզվի ակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորտմամբ Մտահղացումն իրականացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաունն օգոստոսի 9-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ 5 տարի ժամկետով:

«Անգլերենի ուսուցում» ծրագրով անգլերեն դասավանդող հայ ուսուցիչներին կցուցաբերվի մասնագիտական աջակցություն՝ համատեղ անգլերեն դասավանդելու, դասընթացներն առավել արդյունավետ պլանավորելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը բարելավելու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալն իր խոսքում նշեց, որ համաձայնագիրը մեծ պատասխանատվությամբ է ստորագրել և առանձնացրեց մի քանի կետ, թե ինչու են կարևորում այս համագործակցությունը:

«Առաջին հերթին՝ ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները գալով Հայաստան և մասնակցելով անգլերենի դասավանդման գործընթացին՝ հաճախ լինում են այն «առաջին պատուհանը», որով հայաստանյան կողմի ներկայացուցիչները կարողանում են շփվել ամերիկյան մշակույթի հետ: Կարևորում եմ նաև այն առումով, որ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնալով ԱՄՆ՝ իրենց հետ տանում են մի փոքր Հայաստան: Երրորդ կետը, որը գուցե չի բխում այս հուշագրի և Խաղաղության կորպուսի անմիջական նպատակներից, այն է, որ այս տարիների ընթացքում, կարծում եմ, ինչ-որ չափով կամավորները կարողացել են ներմուծել կամավորության մշակույթը մեր երկրում»,- ասաց Անափիոսյանը:

Սանի Լաունն էլ իր հերթին ընդգծեց, որ իրենց կամավորները շատ ավելին են անում, քան ուղղակի անգլերենի դասավանդումն է՝ նրանք դառնում են ընտանիքի անդամներ:

«Կամավորները՝ գալով Հայաստան, ուսումնասիրում են նաև երկրի մշակույթը, ծանոթանում տեղի լեզվին: Կամավորները նպաստում են ոչ միայն Հայաստանում անգլերեն լեզվի զարգացմանը, այլև իրենք ձեռք են բերում շատ օգուտներ»,- նշեց ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրենը: Նա հույս հայտնեց, որ այս համագործակցության միջոցով հնարավոր կլինի ավելի խթանել համատեղ հարաբերությունների պահպանմանը:

Հայ ուսուցիչների հետ համատեղ կամավորները կմշակեն կրթական նյութեր՝ գրադարանները և ռեսուրս-կենտրոնները հարստացնելու նպատակով: Համաձայն հուշագրի՝ կամավորների ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով լեզվական և մասնագիտական հմտությունները, երաշխավորագրերը, ինչպես նաև համապատասխանությունը տվյալ գործունեությանը: Կամավորների հավաքագրումն ու ընտրությունը ԿԳ նախարարությունն ամբողջովին թողնում է Խաղաղության կորպուսի հայեցողությանը:

Կամավորի ծառայությունը նախանշվում է 24 ամիս, իսկ կարճաժամկետ պայմանագրային կամավորների ծառայության տևողությունը՝ 3-12 ամիս: ԿԳՆ-ն կաջակցի Խաղաղության կորպուսին՝ համապատասխան համայնքների և կազմակերպությունների ընտրության հարցում:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը «Անգլերենի ուսուցում» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցում է 1992 թվականից: Համագործակցության 25 տարում հարյուրավոր ամերիկացի կամավորներ աջակցել են անգլերենի դասավանդմանը Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և օժանդակել հարյուրավոր աշակերտների անգլերենի իմացությունը կատարելագործելուն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին