Կարևոր իրադարձություններ

Իրանում ձերբակալվել է կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալը

06 Օգոստոս, 2018 19:36
Իրանում ձերբակալվել է կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալը

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ահմեդ Արաքչիին: Այդ մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Գուլամ Մոհսենի Էջեին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խոսքերով՝ Իրաքչիից բացի կալանավորվել է ևս վեց մարդ: Նշվում է, որ ձերբակալվածներին կառաջադրվեն կոռուպցիայի համար մեղադրանքներ:

Ահմեդ Իրաքչին, ով պատասխանատու էր արտարժույթի փոխանակումների համար, հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից նախօրեին կոռուպցիայի համար ներգրավվածության մեղադրանքների առնչությամբ:

Նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմն ավելի վաղ փոխարինել է Կենտրոնական բանկի ղեկավարին և այլ միջոցներ է ձեռնարկել ազգային արժույթը կայունացնելու ջանքերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Իրանի տարբեր քաղաքներում մի քանի օր շարունակ հակակառավարական ցույցեր են ընթանում:

Ցուցարարները բողոքում են երկրի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման դեմ: Նրանք լուրջ մտավախություններ ունեն առ այն, որ ԱՄՆ-ի կողմից վերականգնվելիք պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան տնտեսության վրա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքնեի արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին