Կարևոր իրադարձություններ

ՍԱՊԾ-ն ներկայացրել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքները

06 Օգոստոս, 2018 13:58
ՍԱՊԾ-ն ներկայացրել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքները

Oգոստոսի 4-5-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած սեմինար-հանդիպումը ոլորտը լուսաբանող լրագրողների և հասարակական կազմակերպությունների հետ: Ինչպես  տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, միջոցառման նպատակն էր ներկայացնել ծառայության կառուցվածքային և գործառութային փոփոխությունները, ինչպես նաև քննարկել սննդի անվտանգության ոլորտի ընդհանուր հիմնախնդիրները, զարգացման հեռանկարները:

Բանախոսները ներկայացրել են նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, HACCP համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ռիսկերի կառավարման միջազգային փորձը, խոսել են թափանցիկության՝ որպես անուղղակի վերահսկողության գործիքի, անհրաժեշտության մասին:

Սեմինարի կազմակերպման աշխատանքներին աջակցել է ՍԱՏՄ-ի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը:

2017թ. սեպտեմբերին Ծառայության և հասարակական կազմակերպության միջև, որը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է «Անասնապահության զարգացում Հայաստանի hարավում» ծրագիրը, ստորագրվել է համագործակցության hուշագիր, որն արդյունք էր զարգացման հեռաանկարների ընդհանուր տեսլականի: Մասնավորապես, հաշվի առնելով  սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի որորտներում անվտանգության ապահովման կարևորությունը, սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից մարդուն պաշտպանելու բարձր առաքելությունը,ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց վերաբերյալ հանրային իրազեկման անհրաժեշտությունը, կողմերը պատրաստակամություն են հայտնել սկսել երկարաժամկետ համագործակցություն:

Համագործակցության ընթացքում արդեն իսկ իրականացվել եմ մի շարք համատեղ ծրագրեր` ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու Տեսչական մարմնի աշխատանքն առավել թափանցիկ դարձնելուն: Մասնավորապես, ՌԶԳ ՀԿ-ի աջակցությամբ, տպագրվել են տեղեկատվական նյութեր՝ տնտեսվարողի և սպառողի ուղեցույցեր, ծանուցում՝ հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պարտադիր առկայության վերաբերյալ, մսի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հավաստող փաստաթղթերի առկայության պարտադիրության մասին պաստառներ, ինչպես նաև «Թեժ գծի» մասին ծանուցող պիտակներ: Սպառողների իրազեկման արշավի արդյունավետությունը բարձրացնելու և առավել լայն լսարան ապահովելու նպատակով՝ պատրաստվել են նաև չորս սոցիալական տեսահոլովակ՝ մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի, վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (HACCP) համակարգի, սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի, ինչպես նաև հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցի սանիտարական անձնագրի մասին:

2018թ. հունվարին կազմակերպվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի լուսաբանմանը նվիրված երկօրյա սեմինար ոլորտի լրագրողների հետ, որի նպատակն էր մշակել ձևաչափ՝ սննդի ոլորտի բարեփոխումները և առաջիկա անելիքները հանրությանն առավել մատչելի և հասկանալի ներկայացնելու համար: Սեմինարին հրավիրված 40-ից ավելի լրագրողներ ծանոթացան և իրենց ներդրումը ունեցան հանրության իրազեկման արշավում:

Երկու կառույցների համակգործակցության շրջանակներում՝ մարտի 15-ին անցկացվել է «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» խորհրդաժողովը՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվանը: Հրավիրված 200-ից ավելի հյուրերի թվում էին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովում քննարկվել  են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմները, ինչպես նաև ռիսկերի գնահատման, ռեյթինգավորման համակարգի ներդրման սկզբունքները, սննդի շղթայում գործող տնտեսավարողների գործունեությանը աջակցելու հնարավորությունները: Խոսվել է նաև սննդամթերքի անվտանգության համակարգը բարելավելու նպատակով համագործակցության ծրագրերի մասին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահի՝ 2018թ. հուլիսի 24-ի հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ իրականացված համատեղ ծրագրերը, և պատրաստակամություն են հայտնել շարունակական դարձնել հանրության իրազեկման, ինչպես նաև սննդամթերքի ոլորտին վերաբերվող այլ միջոցառումների անցկացումը, որը բխում է թե տնտեսվարողների, թե սպառողների շահերից:   

 

Լրահոս

Դիտել ավելին