Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բայց Մինգեչաուրի ՋԷԿ տեխնոգեն կատաստրոֆան և Գյանջայի իսլամիստական դեպքերը ժամանակի առումով հետ գցեցին Ադրբեջանի, Թուրքիայի և իրենց դաշնակիցների մտադրությունները՝ ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծումը: Այսօր, չնայած սահմանին համեմատաբար հանգիստ է, սակայն ռազմական լուծումը չի կորցրել իր ակտուալությունը, մանավանդ որոշ «ընկերական» պետություններ կցանկանային պատժել Հայաստանի նոր իշխանություններին՝ նպատակ ունենալով կյանքի կոչել իրենց նպատակները: Այսպիսով, ակնհայտ է երկու ինքնիշխան հայկական պետությունների դեմ Ադրբեջանի գլխավորությամբ միջազգային պրովոկացիայի սկիզբը:
2015 թվականի դեկտեմբերին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել եմ, որ սահմանին տիրող իրադարձությունները շատ նման են պատերազմի: Ես այդ մասին հայտարարել եմ նաև միջազգային հարթակներում: Շատերը ծիծաղում էին իմ հետևությունների վրա, սակայն եկավ 2016 թվականի ապրիլ ամիսը և մեր դեմ հանդես եկավ ագրեսորների միջազգային կոալիցիան՝ Ադրբեջանը: Միայն ամբողջ հայության համախմբվածության շնորհիվ այդ ագրեսիան ֆիասկո ապրեց:
Այսօր ես նույնն եմ ասում, այն ամենը, ինչ կատարվում է Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի սահմանի ողջ երկայնքով, լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախապատրաստում է, որը կարող է սկսվել արդեն օգոստոսին կամ սեպտեմբերին: Հնարավոր չէ, որ ագրեսորը ամեն օր միլիոնավոր դոլարներ ծախսի` համադրելի հայկական բանակի ամսական բյուջեին, միայն հակառակորդին ցուցադրելու համար: Չեմ ուզում բնակչության մեջ տագնապ առաջացնել, ուղղակի բոլորին խնդրում եմ լինել զգոն, պատերազմը կարող է սկսվել օգոստոսին կամ սեպտեմբերին՝ ցանկացած օր:
Հանուն մեր Ազատության, ողջ հայ ժողովրդի դարավոր երազանքի՝ տեսնել մեր Հայրենիքը արժանի և հզոր, կոչ եմ անում բոլորին մի կողմ թողնել ամեն տեսակ վիրավորանքները, համախմբվել Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ՝ կանխելու բարբարոսների հարձակումը: Իսկ Արցախի և Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում, քանի դեռ ուշ չէ, օգտագործել բոլոր ներքին և արտաքին մեխանիզմները կանխելու տարածաշրջանային կատաստրոֆան: Պաշտպանենք մեր Հայրենիքը միասին»: