Կարևոր իրադարձություններ

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

03 Օգոստոս, 2018 17:15
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Ինչպես տեղեկացնում են  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու աջակցության համար։

Դեսպան Էրլունը ողջունել է  նախարար Մինասյանի վերադարձը և տնտեսության ոլորտում նրա շարունակական գործունեությունը, անդրադարձել Հայաստանում իրականացվող ծրագրերին։

Հանդիպմանը երկուստեք նշվել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման և վերագործարկման անհրաժեշտություն և լավ պոտենցիալ կա։ Դրական դինամիկա կա գրեթե բոլոր ոլորտներում։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային դաշտի և գործարար միջավայրի բարելավման աշխատանքներին։ Քննարկվել են թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ուղևորափոխադրումներին և բեռնաոխադրումներին, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Նշվել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճը և նոր մակարդակի հասնելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Պեկինում աշնանը նախանշվող հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել և հաստատել  են տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման պատրաստակամությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին