Կարևոր իրադարձություններ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների դեմ

01 Օգոստոս, 2018 23:00
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարներ Աբդուլհամիդ Գյուլի ու Սուլեյման Սոյլուի դեմ՝ կապված Թուրքիայում կալանքի տակ մնալ շարունակող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի հետ։

Ինչպես գրում է «Հյուրրիյեթ» պարբերականը, Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը նշել է, որ վերոնշյալ երկու նախարարները էական դեր են ունեցել Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման գործում։

Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:


Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառել, եթե Բրանսոնն անհապաղ ազատ չարձակվի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին