Կարևոր իրադարձություններ

«Հենց մահապատժի մասին օրենքը մտնի խորհրդարան, ես միանգամից կստորագրեմ այն»․ Էրդողան

01 Օգոստոս, 2018 21:45
«Հենց մահապատժի մասին օրենքը մտնի խորհրդարան, ես միանգամից կստորագրեմ այն»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով իրենք քայլեր կձեռնարկեն երկրում մահապատժի մասին օրենք ընդունելու ուղղությամբ, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։

Էրդողանը նման հայտարարություն է արել նախօրեին Իրաքի հետ սահմանամերձ Հաքքարի շրջանում թուրք զինվորի ընտանիքի վրա «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում մահացած կնոջ ու երեխայի հուղարկավորության արարողության ժամանակ։

 
 
Реклама 12

Հայտնի է, որ Հաքքարիում պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող շարքային զինվորի 25-ամյա կինը ամուսնուն այցելության էր եկել 11 ամսական երեխայի հետ միասին։ Ճանապարհին նրանց մեքենան պայթել է՝ քուրդ զինյալների կողմից նախապես տեղադրված ինքնաշեն պայթուցիկի պատճառով։

«Մենք շարունակելու ենք պայքարել նրանց դեմ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը։ Դուք գիտեք, թե ինչպես եմ վերաբերվում մահապատժի մասին օրենքին․ հենց այն մտնի խորհրդարան, ես միանգամից կստորագրեմ այն։ Նրանք պետք է նույն կերպ պատասխան տան իրականացրած այս կոտորածների համար։ Աստված տա՝ այս ամենի հետ կապված մեր իրականացվելիք քայլերն արդեն մոտ են», - ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:

Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:

 

Լրահոս

Դիտել ավելին