Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

16 Հուլիս, 2018 18:52
Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ:

Դավիթ Տոնոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:

Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը Պաշտպանության նախարարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր զինվորի:

Հանդիպմանը նախարարը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, խնդիրներով: Ընթացքում երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև քննարկել են հետագա համագործակցության հարցեր, ինչի արդյունքում հստակ ճանապարհային քարտեզ են գծել՝ նպատականերին հասնելու համար:

Նախարարը ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, և բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։

Հանդիպման վերջում նախարարը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։

 

Լրահոս

Դիտել ավելին