Կարևոր իրադարձություններ

Աշոտ Հակոբյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ

09 Հուլիս, 2018 16:11
Աշոտ Հակոբյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Կասիմ Սյուրկանիի գլխավորությամբ։ Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության և Վանաձոր-Ալավերդի (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընդգծեց, որ երկու ծրագրերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար, և նախարարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակապես բարձր մակարդակով և նախանշված ժամկետների շրջանակներում։ 

Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին։ Նշվեց, որ աշխատանքներն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում, որն էլ աշխատանքներում զգալի առաջընթաց կգրանցի: 

Ներկայացվեցին նաև Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքների որոշ մանրամասներ։

Կասիմ Սյուրկանին նշեց, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև երկարամյա, ընդգրկուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն է հաստատվել: Նա ընդգծեց, որ  ցանկություն ունեն առաջիկայում այն ավելի խորացնելու և քննարկելու համագործակցության նոր ուղղությունները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին