Կարևոր իրադարձություններ

Փող չունես՝ մեռիր, կամ պատրաստ եղիր ունեզրկվելու. «Փաստ»

05 Հուլիս, 2018 09:00
Փող չունես՝ մեռիր, կամ պատրաստ եղիր ունեզրկվելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազատական տնտեսական հարաբերությունների անվան տակ երկիրը մեջ–մեջ անելու իշխանավորների մարմաջն այնքան մեծ է եղել, որ շատ ձեռնարկություններ սեփականաշնորհելու համար անգամ պետական բյուջեից են միջոցներ տրամադրվել: Քիչ չեն եղել դեպքերը, երբ այս կամ այն հիմնարկությունը սկզբում «սեփականաշնորհվել» է՝ փաստաթղթերով, հետո արդեն մաս– մաս դրանց «վճարումները» ձևակերպել: Ու նոր Հայաստան կառուցողներին ամենևին էլ չի հետաքրքրել, որ հայկական երբեմնի գիգանտ գործարանները, որոնք հիմա չկան, ժամանակին կարողացել են Խորհրդային Միության՝ աշխարհի քարտեզի վրա վարդագույնով նշված տարածքի ողջ պահանջարկը բավարարել և իրենց համբավով հատել անհնարինի բոլոր սահմանները:

 

Սեփականաշնորհման սելավատարը չի շրջանցել նաև բուժհաստատությունները, որոնք հիմա բոլորն էլ մասնավոր են և այդ դիրքերից են «մատ թափ տալիս» մարդկանց վրա: Հիվանդ ես, կամ մեռիր, կամ բուժվելու համար ունեզրկվիր: Մոտավորապես այս տրամաբանությամբ են աշխատում հանրապետության ընդհանուր պրոֆիլի բուժհաստատությունները, որոնք բոլորն էլ վաղուց մասնավոր են: Եվ անկախ նրանից, թե ինչ համբավ ունեն, դրանով պայմանավորված էլ ձևավորվում է տվյալ բուժհաստատության գնային քաղաքականությունը: Կարող է պատահել, որ, օրինակ, մի հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդի համար պահանջվի օրական 55 հազար դրամ վճարել, մեկ այլ հիվանդանոցում՝ ընդամենը 10 հազար: Ինչպես Պանիկովսկին կասեր՝ ազատ շուկա է իր վայրագ հարաբերություններով: Հնարավոր է մի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էլ անգամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդի համար սնունդ պահանջեն: Հիմա կասեք՝ դե, կյանք է, այդպես էլ է պատահում: 

Եվ զավեշտալին այն է, որ այստեղ ո՛չ առողջապահության նախարարությունը, ո՛չ էլ մեկ այլ պետական մարմին չի կարող որևէ բուժհաստատությունում տիրող իրավիճակի մասին պարզաբանում պահանջել կամ ներքին գնային քաղաքականությանը խառնվել: Վերջիններն էլ՝ պարզ է, չէ՞, հիվանդի գլխին ինչ ցանկանում, այն էլ անում են: 

Ու եթե բողոքում ես՝ իշխանությունները ձեռքերը վեր են բարձրացնում, հիվանդանոցում օրենքից մեջբերում անելու ժամանակ էլ բուժհիմնարկի ֆինանսական մենեջերներն են հիվանդատիրոջ դեմքին շպրտում, թե մասնավոր են և իրենք ոչ թե երկրում ընդունվող օրենքներով են աշխատում, այլ իրենց ներքին օրենքներով, իսկ պետական օրենքներն իրենց չեն վերաբերում կամ հետաքրքրում, որովհետև մասնավոր են: 

Այս աղջամուղջից, անկեղծ ասած, գլուխ հանելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես հասկանալի չէ հիվանդի բուժման համար 6 զրոյանոց ինչ–որ թվի հիմքերը: Իսկ հիվանդատիրոջ պայքարելու շանսերն այնքան էլ շատ չեն: Պետք է ստիպված վճարի, հակառակ դեպքում նրանց տան դուռը մի օր կթակեն դատական ակտերի հարկադիր կատարողները: Ուստի հանգում ենք այն ելման կետին, որ կա՛մ մեռեք, կա՛մ պատրաստ եղեք ունեզրկվելու:

 

Ներկայում այսպիսին է մեր երկրի բուժհաստատություններում տիրող ներքին և արտաքին քաղաքականությունը, իսկ պատկան գերատեսչությունն էլ ընդամենը մի «թեժ գիծ» ունի, որով հնչեցված բոլոր բողոքները չէ, որ կարող են հօգուտ հիվանդի հանգուցալուծվել:

Հիմա հարց՝ նման պայմաններում ինչպե՞ս կարող է երկիրն իր գլխավոր օրենքի ամենաառաջին հոդվածում գրել, որ Հայաստանը իրավական, սոցիալական, ինքնիշխան երկիր է: Նման պայմաններում բա սոցիալական բաղադրիչն ո՞ւր մնաց, թե՞ դա միայն կարգ ունեցող հաշմանդամներին ու իրենց գոյությունը մի կերպ՝ փարոսների հաշվին, պահող խավի համար է: Այս դեպքում հարց է ծագում՝ բա մյուսնե՞րը, նրանք ո՞ր հոդվածով իրենց պաշտպանեն, որ ոչ դառնան այդ վայրագ սեփականաշնորհման գերին, ոչ էլ կանգնեն մահանալու կամ ունեզրկվելու խնդրի առջև: Եվ այս պարագայում ո՞վ պետք է լինի քաղաքացու պաշտպանը, օրենքով օրինական ուժ չունեցող չինովնի՞կը, թե մեկ այլ ատյան: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին