Կարևոր իրադարձություններ

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծել, որը կուսումնասիրի զինծառայողների մահվան դեպքերով քրեական գործերը

04 Հուլիս, 2018 21:09
ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծել, որը կուսումնասիրի զինծառայողների մահվան դեպքերով քրեական գործերը

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով պատշաճ քննություն կատարելու և պարզված հանգամանքների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի կողմից շարունակվում են հնչեցվել վիճահարույց հայտարարություններ՝ կասկածի տակ դնելով կատարված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։

Նկատի ունենալով առկա չփարատված կասկածները և միաժամանակ ընդգծելով նախաքննության մարմնի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդման կարևորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Խմբի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։

Մոնիթորինգի խմբի անդամների ընտրության չափանիշները և գործունեության ձևաչափը քննարկելու համար բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին ՀՀ քննչական կոմիտեն հրավիրում է հանդիպման։

Հետաքրքրվածները քննարկմանն իրենց մասնակցության վերաբերյալ հայտերը կարող են ուղարկել էլփոստով՝ նշելով ՀԿ-ի անունը և կոնտակտային անձի հեռախոսահամարը։

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 9-ը ներառյալ: Էլփոստի հասցեն է՝ [email protected]

 

Լրահոս

Դիտել ավելին