Կարևոր իրադարձություններ

Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, մաքրել ընտրացուցակները. Արտակ Զեյնալյանը Վենետիկի հանձրաժողովին ներկայացրել է սպասվող փոփոխությունների ուղղությունը

27 Հունիս, 2018 17:27
Հեղինակ՝ Արտակ Զեյնալյան
Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, մաքրել ընտրացուցակները. Արտակ Զեյնալյանը Վենետիկի հանձրաժողովին ներկայացրել է սպասվող փոփոխությունների ուղղությունը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում իր ելույթին և դրանում եղած հիմնական շեշտադրումներին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես և խոստացել էի, այսօր կանդրադառնամ Վենետիկ կատարած աշխատանքային այցիս մանրամասներին, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթիս: 

Հպարտությամբ և պատասխանատվությամբ հայտարարեցի, որ իրականացնելով թավշյա, առանց բռնության, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, Հայաստանը հաջողությամբ է անցել այդ քննությունը, և այսօր վստահորեն կարելի է պնդել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը:

Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջև խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել՝ իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը: 


Հիմնական շեշտադրումս հետևյալն էր, որ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու համար: Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաև մեր փոփոխությունների ուղղությունը՝

• Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ,

• Ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ,

• Մաքրել ընտրական ցուցակները,

• դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի, և այլն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին