Կարևոր իրադարձություններ

Տավուշում գործազուրկների համար օրավարձով վճարվող ծրագրեր կիրականացվեն

15 Հոկտեմբեր, 2015 12:18
Տավուշում գործազուրկների համար օրավարձով վճարվող ծրագրեր կիրականացվեն

Կառավարությունը Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների փորձնական ծրագրեր կիրականացնի՝ գործազուրկների ժամանակավոր զբաղվածություն ապահովելու նպատակով: Նախաձեռնության հեղինակ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է:

Այսօր գործադիրը հերթական նիստում քննարկեց այս հարցը եւ որոշում կայացրեց այս նպատակով հատկացնել 60 միլիոն 600 հազար դրամ:

Մինչեւ 2015 թվականի նոյեմբերի տասը համայնքների ղեկավարները պետք է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ներկայացնեն ընթացիկ տարվա ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ` պատշաճ հիմնավորմամբ եւ ժամանակացույց՝ նշելով աշխատանքների իրականացման առաջարկություններ ներկայացրած համայնքի անվանումը, համայնքում իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, դրանց սկիզբն ու ավարտը, հատկացվող ֆինանսական միջոցների չափը:

Ոլորտներն են՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների տարածքների բարեկարգում, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորության ապահովման, սանիտարական մաքրման,  կանաչապատման, ծառատնկման աշխատանքները, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման օժանդակ աշխատանքներ, պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքներ եւ այլն:

Վարձատրվող հասարակական աշխատանքները առաջնահերթության կարգով կիրականացվեն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում: Փորձարկվող ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը կտրվի աշխատաշուկայում անմրցունակ անձանց: Օրինակ՝ սոցիալական նպաստ ստացողներին, երկու եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին, եւ այն ընտանիքների անդամներին, որտեղ առկա է հաշմանդամություն ունեցող անձ:

Փորձարկվող ծրագրի առավելագույն տեւողությունը երկու ամիս է, վերջնաժամկետը՝ այս տարվա դեկտեմբերի 30-ը: Մեկ աշխատանքային օրվա համար  սահմանված վճարը սահմանվել է յոթ հազար դրամ` ներառյալ հարկերն ու սոցվճարը: Յուրաքանչյուր առանձին ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամ՝ աշխատավարձերի վճարման, ինչպես նաեւ շինանյութեր ձեռք բերելու, տեղափոխելու եւ աղբահանության համար: Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը կատարելու համար տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ծրագրի արժեքի 30 տոկոսը:

Ծրագիրը ֆինանսավորվում է պետբյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների հաշվին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 5474 աշխատանք փնտրող անձ, որոնցից 4575-ը կամ 83,6 տոկոսը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Նրանցից 1461-ը (31,9 տոկոս) գյուղաբնակներ են:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս ծրագիրը մեկ քայլ է Տավուշի մարզում գործազրկությունը մեղմելու, մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Եթե այս ծրագիրը իրեն արդարացնի, կշարունակենք»,-ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին