Կարևոր իրադարձություններ

ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

11 Հունիս, 2018 23:09
ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովի կողմից  Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրության  ընթացակարգի վերաբերյալ:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից՝ հավելելով. «Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում մեկ ձայնի առավելությամբ ընտրվում է Ելիզավետա Դանիելյանը՝ ստանալով 88 ձայն:

Դատավորների ընդհանուր ժողովը Ազգային ժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Ելիզավետա Դանիելյանը:

Մայիսի 24-ին է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվեց համապատասխան հայտարարություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը և Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստում:

Հիշյալ գործընթացում Դատավորների ընդհանուր ժողովն անտեսել է Սահմանադրական դատարանի 2017թ. հունիսի 20-ի թիվ ՍԴՈ 1374 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝ ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համատեքստում, պետության և հասարակության կյանքում հասարակական կազմակերպություններին վերապահված հանրային վերահսկողության դերը: Անտեսվել են  հանրության վստահությունը երաշխավորող ընթացակարգերը՝ վնասելով թե՛ դատավորների ընդհանուր ժողովի, թե՛ Սահմանադրական դատարանի և թե՛ առաջադրվող դատավորի հեղինակությանը (տես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայտարարությունը, որով մտահոգություն էր արտահայտվել հիշյալ գործընթացի վերաբերյալ):

Միայն վերը շարադրվածը, ինչպես նաև այդ կապակցությամբ Ելիզավետա Դանիելյանի անտարբերությունը բավարար է այն համոզմունքի համար, որ վերջինիս չի կարելի վստահել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, որին հավակնողը, ըստ էության, պետք է լինի հանրության խղճի կրողը:

Բացի վերոգրյալից, անհրաժեշտ և էական ենք համարում անդրադառնալ նաև այն հանգամանքին, թե տիկին Ելիզավետա Դանիելյանն իր մասնագիտական և անձնական հատկանիշներով որքանով է համապատասխանում Բարձր դատարանի դատավորի պաշտոնին:

Այսպիսով, տիկին Ելիզավետա Դանիելյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով և պաշտոնավարում է մինչ օրս: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում իր մասնագիտական և անձնական հատկանիշները դրսևորել է հենց պալատի կազմում՝ Վճռաբեկ դատարանի գործունեության, ինչպես նաև, դատական ակտերի շրջանակներում իր դիրքորոշումն արտահայտելու կամ չարտահայտելու միջոցով:

2009 թվականից առայսօր, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշումներ է կայացրել  դատարան բերված բազմաթիվ վճռաբեկ բողոքների կապակցությամբ, ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում արձանագրված իրավունքի խախտման գործերի վարույթների  վերաբացման վերաբերյալ, դրսևորել է Սահմանադրության և օրենքների սահմանադրաիրավական բովանդակության նկատմամբ անհաղորդ դիրքորոշումներ, որոնք ի հայտ են գալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումների ուսումնասիրությունից: Սահմանադրական դատարանի որոշումների կատարման բազմաթիվ ձախողումների հիմնական պատճառը հանդիսացել է հենց Վճռաբեկ դատարանը:

Հիշյալ դրսևորումների լիիրավ մասնակից է եղել վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, այժմ՝Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածու տիկին Ելիզավետա Դանիելյանը:

 Նկատի ունենալով, սակայն, որ վճռաբեկ դատարանի հիշյալ գործունեության վերլուծությունը չափազանց ընդգրկուն և ծավալուն պրոցես է, անդրադառնանք ամենացայտուն և հանրային առավել մեծ հնչեղություն ստացած այն գործերին և դրանց կապակցությամբ կայացված որոշումներին, որոնց  մասնակցել կամ չի մասնակցել դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Այսպիսով, 2009 թվականից Վճռաբեկ դատարանը եղել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության այն ատյանը, դատական կարգով վերանայել է․

ա) «Մարտի 1-ի» գործերը[1], բ) Վահե Ավետյանի՝ «Հարսնաքարի գործ» անվանումը ստացած գործը, գ) Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների գործը և նրա վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռի վերաբերյալ բողոքը, դ) Շանթ Հարությունյանի և ընկերների գործը, ե) Գևորգ Սաֆարյանի «տոնածառի» գործը, ը) Վարդգես Գասպարիի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իրականացված խոշտանգումների վերաբերյալ գործը[2] և ըստ էության, այդ գործով բողոքը, որով օրենքի սահմանադրաիրավական բովանդակության սխալ ընկալման և կիրառման արդյունքում այն համարվել է ժամկետի բացթողմամբ ներկայացված[3], թ) Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող» խափանման միջոցի գործերը, որոնք Վճռաբեկ դատարան են հասել այն ժամանակ, երբ վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը՝ որպես խափանման միջոց, արդեն փոփոխված է եղել դատախազության կողմից, սակայն վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել բերված բողոքները:

Վերը նշված գործերը հանրային ուշադրության տակ եղած գործերի ոչ սպառիչ ցանկն է, որոնցով Վճռաբեկ դատարանի անգործությունը վկայում է բազմաթիվ այն գործերի, որոնք չեն եղել մեծ ուշադրության ներքո, էլ ավելի անմխիթար ճակատագրի մասին:

Բացի վերոգրյալից, լրջագույն հարց է նաև ինչպես ազգային այնպես էլ միջազգային մակարդակում բարձրացված՝դատարանների կողմից կալանքների միջնորդությունների գրեթե տոտալ բավարարման և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի անգործության հարցը, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի յուրաքանչյուր դատավորի անկախության բացակայության ամենաուղղակի ցուցիչն է:

Գործելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կազմում՝  դատավոր Ելիզավետա Դանիելյանը, բացի գործերի քննությանը մասնակցելուց կամ որոշումներ ստորագրելուց, այլ գործունեությամբ աչքի չի ընկել, մասնավորապես՝ նա երբևէ հանդես չի եկել հատուկ կարծիքով , չի մատնանշել այս կամ այն գործի քննության ընթացքում տեղ գտած մարդու իրավունքների խախտման դեպքերը: Սա վկայում է մեծամասնության դիրքորոշումից տարբերվող դիրքորոշման բացակայության կամ այդ դիրքորոշումը հրապարակելու համարձակության բացակայության մասին:

Վերոնշյալ երկու  հանգամանքներից որևէ մեկի  առկայության դեպքում անգամ, ակնհայտ է դառնում, որ այս թեկնածուն անկարող է ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, եթե չասենք, որ այդ պաշտոնը նրան վստահելը վտանգավոր է:

Այս ամենից բացի, Վճռաբեկ դատարանի կազմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ընտրության հարցի շրջանակներում չափազանց կարևոր է անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցին, որն այդպես էլ հավուր պատշաճի քննարկման առարկա չդարձավ: Զեկույցը վեր է հանել դատական համակարգի՝ մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կոռումպացվածության վերաբերյալ ծայրահեղ մտահոգիչ հանգամանքներ և տվել վկայություններ:

Հիշյալ հանգամանքների լույսի ներքո, ոչ միայն լրջագույն վտանգ է այդ հրապարակումներով բարձրացված խնդիրներով արատավորված դատավորների կազմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը, այլ առհասարակ նրանց՝ դատավորի պաշտոնում, պաշտոնավարելու հեռանկարը:

Սույնով հիշեցնում ենք, որ տիկին Ելիզավետա Դանիելյանը 2015թ․ մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին, որի ընթացքում իր մասնագիտական և անձնական հատկանիշների գնահատման արդյունքներով չի ընդգրկվել Եվրոպայի խորհրդարանական վեհաժողով ներկայացվող երեք թեկնածուների ցուցակ: Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության համար շատ ավելի բարձր դատական մարմին է, որը պետք է համալրեն լավագույն և ամենաարժանի թեկնածուները:

Անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի՝ հունիսի 5-ի Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած հրաժարականի դիմումից հետո, Բարձրագույն դատական խորհուրդն 2018թ. հունիսի 7-ի նիստում, արձանագրելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը և հաշվի առնելով ներկայացված իրավակարգավորումները, կազմակերպել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով, Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրված 15 թեկնածուներից միայն չորս են ստացել 2-ական ձայն, մնացած 11 թեկնածուները, որոնց թվում է եղել նաև Ելիզավետա Դանիելյանը, որն ստացել է 0 ձայն:

Քվեարկության արդյունքով, ըստ այդմ, Ելիզավետա Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար  համարվել է անհամապատասխան թեկնածու՝ ստանալով 0 ձայն։ Սակայն, ինչն ավելի կարևոր է, Ելիզավետա Դանիելյանը, առաջադրված լինելով որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, չի հրաժարվել իր հնարավորությունները Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մրցույթում փորձելուց, ինչն ակնհայտ է դարձնում նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին անհամատեղելի անձնական հատկանիշները, քանի որ պարզ է, որ ընտրվելով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, վերջինս պետք է հրաժարվեր կա՛մ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից կա՛մ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից: Առաջին հայացքից անմեղ թվացող գործընթացը վկայում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի նկատմամբ Ելիզավետա Դանիելյանի բավական անլուրջ և միայն սեփական, մասնավոր նպատակահարմարության տեսանկյունից ցուցաբերած մոտեցման մասին:

Ելնելով վերը նշվածից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ակնկալում է, որ այս փուլում, Ազգային ժողովը հաշվի կառնի վերը նշված մտահոգությունները և իր քվեարկությամբ կստեղծի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար արդարության, հավասարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ մրցույթային ընթացակարգով նոր թեկնածուի ընտրության և առաջադրելու պայմաններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին