Կարևոր իրադարձություններ

ՊԲ զինծառայողի սպանությունը Բաքվի հերթական սադրանքն է՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը. Տիգրան Բալայան

11 Հունիս, 2018 11:57
ՊԲ զինծառայողի սպանությունը Բաքվի հերթական սադրանքն է՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը. Տիգրան Բալայան

Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։ Տվյալ միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է 1994-1995թթ․ զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017թթ․ գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։ Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում։

Սույն սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»,-հայտարարել է պաշտոնյան։

 

Լրահոս

Դիտել ավելին