Կարևոր իրադարձություններ

ՀՀ մշակույթի նախարարը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարությունը տեղափոխել Գյումրի

09 Հունիս, 2018 12:37
ՀՀ մշակույթի նախարարը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարությունը տեղափոխել Գյումրի

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նախարարը նշել է Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: 

«Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, մյուս նախարարությունները ևս պետք է իրենց գործունեությունն այլ մարզեր տեղափոխեն, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացման մոդելը տեսնել ու տրամաբանություն ապահովել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Նախարարը խոստացել է նաև առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել Գյումրի՝ այս անգամ արդեն մշակութային քաղաքի՝ այդ թվում Երկրագիտական թանգարանի կառույցի և ֆիլհարմոնիկ դահլիճի խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:

«Անպայման պետք է վերադառնամ ու միասին քննենք այդ խնդիրները ու տեսնենք, թե որ օջախից ենք սկսում վերակառուցել և վերակարգավորել»,- նշել է ՀՀ մշակույթի նախարարը՝ փաստելով, որ Գյումրու նախկին հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի դիմումն արդեն մակագրվել է փոխնախարարին:


Նախարարը նաև անդրադարձել է Գյումրիից ժամանակին տեղափոխված Մինաս Ավետիսյանի որմնանկարներին: «Ընթացք, իհարկե, պետք է տրվի, բոլոր այն կտավները, որոնք չեն գտնվում այնտեղ, որտեղ պետք է գտնվեն, պետք է վերադարձվեն»,-նշել է նախարարը:

Լիլիթ Մակունցը կարևորել է նաև պետական կառույցի և հասարակական ոլորտի համագործակցությունը: «Մինչ այս մշակույթի նախարարությունը փակ է գործել, համագործակցությունը եղել է փակ շրջանի մեջ: Կարծում եմ, ժամանակն է այդ շրջանը բացել և ապահովել համագործակցություն պետական ու հասարակական ոլորտի միջև, քանի որ հասարակական ոլորտը շատ մեծ ներուժ ունի և կարող է լավ թարմ շունչ բերել»,-հավելել է ՀՀ մշակույթի նախարարը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին