Կարևոր իրադարձություններ

«Հիմնական խնդիրը հանրապետականի կլանի ստեղծած կոռուպցիոն, խուլիգան և «բեսպրեդել» համակարգի ողնաշարը ջարդելն է». «Փաստ»

07 Հունիս, 2018 08:02
«Հիմնական խնդիրը հանրապետականի կլանի ստեղծած կոռուպցիոն, խուլիգան և «բեսպրեդել» համակարգի ողնաշարը ջարդելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին բոլորի ուշադրությունը սևեռվել է կառավարության կողմից ներկայացված ծրագրին: Ու եթե ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիտարկմամբ այն նպատակների հուշագիր է, ապա «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, ծրագիրն ամբողջությամբ այն խնդիրների մասին է, որոնք դրված են ներկա կառավարության առջև:

«Մենք ոչ միայն ծանոթ ենք, այլև ծրագրի նախնական քննարկմանն ենք մասնակցել և ներկայացրել ենք մեր առաջարկները: Մեր դիրքորոշումը բնականաբար դրական է, քանի որ «Բարգավաճ Հայաստանը», ունենալով կառավարության անդամներ, պատասխանատվություն է կրում այն ոլորտների համար, որտեղ կադրեր է ներկայացրել: Մեկ բան հստակ է՝ բոլորս պետք է հասկանանք, որ այս կառավարության ներկայացրած ծրագրից սպասումները չպետք է շատ մեծ լինեն, քանի որ այն անցումային կառավարություն է: Հիմնական գործառույթը խաղի նոր, արդար կանոնների հիմքը դնելն է, ինչպես նաև նախկին կոռուպցիոն բոլոր սխեմաները և խաղի բոլոր կանոնները ջարդելն ու երկիրը նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելը»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորի կարծիքով, նշված խնդիրներն է կառավարությունն իր առջև դրել, որը և ներկայացված ծրագրում հստակ երևում է: Խոսելով կառավարության ծրագիրը ոմանց կողմից պոպուլիստական որակելու մասին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ կոռումպացված ու կարծրացած համակարգը ջարդելու ծրագրում կոնկրետ թվեր փնտրելը ողջամիտ մոտեցում չէ, քանի որ տարիներ շարունակ ՀՀԿ–ի կողմից ներկայացված թվերն ավելի պոպուլիստական են եղել, քան կարելի էր պատկերացնել:

«Տարիներ շարունակ մենք տեսել ենք Հանրապետական կուսակցության տարբեր կառավարությունների կողմից ներկայացված թվեր, որոնք բոլորն էլ մեկ տարի հետո փառահեղորեն ջախջախվել են: Հիշենք 10 հա­զար աշխատատեղի, Գյումրին մշակութային կենտրոն, Դիլիջանը բիզնես տեխնոլոգիական կենտրոն դարձնելու միֆերը: Հիշենք Իրանի հետ կապված փուչիկ ծրագրերը, որոնք մեկը մյուսի հետևից պայթեցին: Հիշենք 850 մլն դոլար ներդրումների առասպելը, որն այդպես էլ պատի վրա փորագրված մնաց որպես սեպագիր առասպելաբանություն: Այնպես որ, ովքեր կառավարության ծրագրերում ակնկալում էին թվեր տեսնել, ավելի լավ է՝ թող իրենց կողմից ներկայացրած «թվերը» հիշեն, որոնցից որևէ մեկը այդպես էլ իրականություն չդարձավ: Իսկ այս կառավարության հիմնական խնդիրն ու գաղափարախոսությունն այլ է՝ ջարդել Հանրապետական կուսակցության և հանրապետականի կլանի կողմից ստեղծած կոռուպցիոն, խուլիգան և «բեսպրեդել» համակարգի ողնաշարը, ներդնել խաղի արդար կանոններ, ապահովել մրցակցային հավասար պայմաններ բոլորի համար, վերացնել հարկային և մաքսային դրամաշորթությունը, վերացնել պետական մակարդակով իրականացվող ջեբկիրությունը»,– ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը նշեց նաև, որ թվարկված խնդիրները լուծվում են դանդաղ, քանի որ հանրապետականը երկրի քայքայումն այն աստիճանի էր հասցրել, որ մեկ օրում, մեկ ժամում կամ մեկ ամսում լուծել հնարավոր չէ: Խոսելով Հանրապետական կուսակցության բոլոր ներկայացուցիչներին նույն աչքով նայելու և նրանց թալանչիներ ու կոռումպացվածներ համարելու համատարած երևույթի մասին, որի պատճառով կարող է թացն ու չորը միախառնվել ու միասին այրվել, պատգամավորն ասաց. «Ես ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ բոլոր հանրապետականները ծայրից ծայր կոռուպցիոներներ, կարիերիստ և պնակալեզներ են: Այնտեղ էլ կան պրոֆեսիոնալներ, կան մարդիկ, ովքեր կարող են նոր Հայաստանի համար իրենց ճիշտ քայլերն անել: Ուստի պետք է բոլոր պարկեշտ, ազնիվ մարդկանց ռեսուրսներն էլ օգտագործել: Եվ նրանք, ովքեր պետական համակարգը չեն ծառայեցրել իրենց ընտանիքի և անձնական բարեկեցության բարձրացմանը, կարող են տեղ ունենալ նոր կառավարությունում: Այլևս անցել է երկիրը սևի ու սպիտակի, Հանրապետականի ու այլ «մերձ»–երի բաժանելու ժամանակը, քանի որ այդպիսի ջրբաժաններն են նաև եղել շատ խնդիրների առաջացման պատճառը: Իմ կարծիքով, նման մոտեցումները նույնպես պետք է վերացնել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին