Կարևոր իրադարձություններ

Դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը ԱԷՄԳ գործունեությանը

06 Հունիս, 2018 21:35
Դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը ԱԷՄԳ գործունեությանը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Արման Կիրակոսյանը հունիսի 5-ին ելույթ է ունեցել Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նստաշրջանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Կիրակոսյանը, անդրադառնալով քննարկմանը ներկայացված ԱԷՄԳ 2017թ. Տեխնիկական համագործակցության ծրագրի մասին ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Յուկիո Ամանոյի զեկույցին, դրվատանքով խոսեց տեխնիկական համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործակալության շարունակական ջանքերի մասին: Արման Կիրակոսյանը գոհունակությամբ արտահայտվեց նաև 2017թ. Տեխնիկական համագործակցության շրջանակներում սահմանված և Հայաստանի ազգային մարտահրավերներն ու առաջնահերթություններն արտացոլող նախագծերի իրագործման առթիվ:

ԱԷՄԳ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն իր խոսքում ընդգծեց, որ Տեխնիկական համագործակցության ծրագրերն առանցքային են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ Հայաստանի համագործակցության համար: Տարիներ շարունակ ԱԷՄԳ հետ ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ շոշափելի առաջընթաց արձանագրել կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Մեծամորի ատոմակայանի գործառնական հուսալիությունն ու ճառագայթային պաշտպանությունը՝ հաշվի առնելով վերջինիս շահագործման երկարաձգումը, միջուկային անվտանգության կարգավորման դաշտի բարելավումը, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումը, ճառագայթային ուռուցքաբանության և ախտորոշման բնագավառում հզորությունների ընդլայնումը, շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգի լաբորատորիայի ստեղծումը և այլն:

Դեսպան Կիրակոսյանը նաև առանձնացրեց Տեխնիկական համագործակցության ծրագրի ներդրումը մարդկային կարողությունների զարգացման հարցում՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ հայաստանցի բազմաթիվ մասնագետներ և գիտնականներ վերապատրաստման և գիտական այցելությունների հնարավորություն են ստացել:

Ավարտելով ելույթը՝ Արման Կիրակոսյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության անվերապահ աջակցությունը ԱԷՄԳ գործունեությանը և գործակալության Տեխնիկական համագործացության ծրագրին:

 

Լրահոս

Դիտել ավելին