Կարևոր իրադարձություններ

Տանտերը մետաղական լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել տղամարդու գլխին. մանրամասներ Կապանում տեղի ունեցած սպանությունից

23 Մայիս, 2018 17:01
Տանտերը մետաղական լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել տղամարդու գլխին. մանրամասներ Կապանում տեղի ունեցած սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի բնակչի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է:

2018թ. մայիսի 22-ին` ժամը 20:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նշված բնակարանի լոգարանում հայտնաբերվել է Կապան քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչի դին՝ դեմքի և գլխի շրջաններում մարմնական վնասվածքներով, և տանտերը՝ ծնված 1954թ., ում մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոկսիակցիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռած վերք»:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ-ի մայիսի 22-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Կապան քաղաքի 48-ամյա բնակիչը հյուրընկալվել է համաքաղաքացու՝ 1954թ. ծնված տղամարդու բնակարանում, որտեղ միասին ընթրել են, օգտագործել ալկոհոլ: Ժամը 21:00-ի սահմաններում նրանց միջև ծագել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում տանտերը մետաղական լինգով, այնուհետև բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով առաջացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող մետաղյա լինգը, վերցվել են նմուշներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

1954թ. ծնված տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին