Կարևոր իրադարձություններ

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

21 Մայիս, 2018 16:25
ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն ուղղված դիմումի հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ հարուցել քրեական գործ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Համայնքի բնակիչների հաղորդումների, ինչպես նաև մայիսի 15-ին hetq.am կայքում հրապարակված նյութի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով օտարվել են համայնքին պատկանող մի շարք անշարժ և շարժական գույք:

Տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով մայիսի 18-ին նախարարի հանձնարարականով Նորակերտ էին գործուղվել ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետներ Արկադի Չերչինյանը և Արամ Սարգսյանը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանում բացակայում են համայնքին պատկանող գույքի օտարման օրինականության վերաբերյալ փաստաթղթերը։

Հաշվի առնելով «Հետք»-ի կողմից կատարված հրապարակումը և հիմք ընդունելով ՀՀ ՏԿԶՆ իրավաբանական վարչության եզրակացությունն առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարի և ավագանու կողմից իրականացված գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերևույթ տարրեր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին ենթակետով, խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրեական գործ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին