Կարևոր իրադարձություններ

Հայ պատգամավորները հորդորում են ՍԾՏՀ նախագահի ընտրությունն անցկացնել Սոֆիայում

21 Մայիս, 2018 13:07
Հայ պատգամավորները հորդորում են ՍԾՏՀ նախագահի ընտրությունն անցկացնել Սոֆիայում

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 25 ամյակի առթիվ ընդունվել է հռչակագիր, որն արտացոլում է անցած տարիների ընթացքում կառույցի ձեռքբերումներն ու նախանշում հետագա զարգացման ուղիները:  Հայաստանն այս կազմակերպությունում ներկայացնող պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ փաստաթուղթը մշակվել է Ստամբուլում:

«Այդ հռչակագիրը մշակվել և ուղարկվել էր վեհաժողովի անդամ 12 երկրների խորհրդարանականներին՝ առաջարկներ ներկայացնելու համար: Պետք է ասեմ, որ բավականին շատ առաջարկներ էին ներկայացվել, որոնց մեջ կային հակադիր առաջարկներ: Խոսքը մեր եւ Ուկրաինայի պատվիրակության առաջարկների մասին է»,- նշեց Մինասյանը:

Գագիկ Մինասյանը մանրամասնեց, որ հայկական կողմն առաջարկել է այդ հռչակագրում ամրագրել, որ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զբաղվի բացառապես տնտեսական խնդիրներով և զերծ մնա քաղաքական գործունեությունից, իսկ Ուկրաինայի պատվիրակությունն առաջարկել է ամրագրել, որ վեհաժողովի համար առաջնահերթ պետք է լինի քաղաքական ուղղվածությունը:
Պատգամավորն ասաց, որ վեհաժողովի պատվիրակությունները չեն ընդունել ոչ Հայաստանի, ոչ էլ Ուկրաինայի պատվիրակությունների առաջարկները: Փոխարենը, նրա խոսքով, ընդունվել է վրացական կողմի առաջարկը, որն ընդունելի է Հայաստանի համար:

Գագիկ Մինասյանը տեղեկացրեց նաև, որ վեհաժողովի համար առաջիկայում կա ևս երկու կարևոր հարց՝ մեկը գլխավոր քարտուղարի ընտրությունն է, մյուսը՝գլխավոր քարտուղարի ընտրության ժամկետների ու տեղի որոշումն է: 

«Անցկացման վայրերը կարող են լինել Երևանը, Բաքուն, Սոֆիան: Մենք աշխատանքներ ենք տանում, որ բյուրոն չընտրի Բաքուն որպես վեհաժողովի նախագահի ընտրության վայր: Ադրբեջանը պետք է մեր պատգամավորներին տա անվտանգության երաշխիքներ: Նրանք  ասել են, որ բոլոր պատվիրակություններին են տալիս հավասար իրավունքներ: Սա քաղաքական առճակատում է: Եթե այդ միջոցառումն անցնի Բաքվում՝ մենք կզրկվենք մասնակցելուց: Եվ որպեսզի չլինի կողմնապահություն, մենք առաջարկում ենք, անցկացնել Երևանում»,- ասաց պատգամավորը: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ ՍԾՏՀ-ն տարբերվում է խորհրդարանական այլ կազմակերպություններից, որովհետև կենտրոնը Թուրքիայում է՝ Ստամբուլ քաղաքում, իսկ գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է: Ըստ նրա` առաջիկա նոր ընտրությունները, տրամաբանական է, որ կոնֆլիկտներից խուսափելու համար անցկացվեն Սոֆիայում, ոչ թե Երևանում կամ Բաքվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին