Կարևոր իրադարձություններ

««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել». Փայլան

19 Մայիս, 2018 18:48
««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել». Փայլան

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգմավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ Փայլանի ընդդիմադիրներից 2-րդ փուլ կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «İYİ» («Լավ») կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում:

Փայլանը, հիշեցնելով Աքշեների հակահայ արտահարտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին:

«Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: Հիմա ես, որպես հայ ինչպե՞ս ձայն տամ Աքշեներին: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականություն է»:

Փայլանը կարծիքը, որ Աքշեները ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորել է սոցհարցումների արդյունքներով:

Ադրադառնալով Դեմիրթաշի կալանքին՝ Փայլանը կոչ է արել դատավորներին նախագահի թեկնածուին ազատ արձակելու որոշում կայացնել. «Կոչով դիմում եմ դատավորներին՝ ձեր չկայացրած վճիռների համար, հունիսի 24-ից (խորհրդարանական և նախագահական ընտրություններ) հետո հնարավոր է, որ դատարանի առաջ կանգնել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շարունակելու պաշտոնավարել»:

Հայ պատգամավորը նշել է, որ Դեմիրթաշի բանտարկության համար իրավական հիմքեր չկան և, դատական գործերը, որոնք հարուցված են քուրդ քաղաքական գործչի դեմ, միայն քաղաքական ենթատեքստ ունեն:

«Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի հանձնարարականով էլ նա ձերբակալվել է»:

Ըստ Փայլանի՝ Դեմիրթաշը բանտից կարող է ազատ արձակվել միայն Էրդողանի ցանկությամբ, քանի որ դատական գործը վարողները ոչ թե դատավորներ են, այլ նախագահական պալատի հանձնարարականը կատարողներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին