2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 35 մլրդ դրամով կամ 13%-ով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը: Մասնավորապես՝ երրորդ երկրներից ներմուծվել է աննախադեպ քանակով՝ 17 341 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 230-ի փոխարեն: Այսինքն՝ ավտոմեքենաների քանակն ավելացել է 10 111-ով, իսկ դրանց դիմաց կատարված վճարումներն աճել են 6 984 մլն դրամով:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մի շարք այլ ապրանքների դեպքում ևս ներմուծման աճի պայմաններում ավելացել են նաև գանձումները, մասնավորապես՝ նավթի և նավթամթերքի դեպքում գանձումներն աճել են 73%-ով, դեղամիջոցների դեպքում՝ 33%-ով, ցիտրուսային մրգերի դեպքում՝ 75%-ով, երեսպատման սալիկների դեպքում՝ 77%-ով, խոզի մսի դեպքում` 36%-ով, կահույքի դեպքում՝ 48%-ով, օծանելիքի դեպքում՝ 32%-ով և այլն: