Կարևոր իրադարձություններ

Ես շարունակելու եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով. Արփինե Հովհաննիսյան

01 Մայիս, 2018 20:06
Ես շարունակելու եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով. Արփինե Հովհաննիսյան

Դուք ինձ հարգելո՞ւ եք, եթե ես հայհոյանքների ու սպառնալիքների արդյունքում փոխեմ իմ համոզմունքները, սկզբունքները: Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ ես իմ դիրքորոշումը փոխեմ, ախր ինձ այդպես չեք ճանաչում, ախր ես ձեզ այդպես չեմ ճանաչում: Վարչապետի հարցի քննարկման ժամանակ ԱԺ իր ելույթում նման հարցադրում արեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ նախապայման է ստեղծում, որ ՀՀԿ ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ: «Թերևս շատերը կվկայեն, որ իմ և պարոն Փաշինյանի 7-ամյա գործընկերության հարաբերությունները եղել են կառուցողական մթնոլորտում, չի եղել պոպուլիզմ, եղել է մտահոգ գործիչների մտքերի փոխանակություն: Ես էլի շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի՝ ճգնաժամերի, աշխարհաքաղաքական իրողությունների, ներքին իրավիճակի մասին շատ խոսվեց, բայց չխոսվեց մարդկային հարաբերությունների ճգնաժամի մասին:
«Համերաշխության թեզն էր կարմիր թելի նման անցնում ձեր ելույթում: Ես ուզում եմ հավատալ, հավատում եմ, որ ուզում եք նման մթնոլորտ լինի: Բայց ո՞ր պահից եք այդ իրողությունը գիտակցել: Երբ ես հարցադրումներ էի անում պարոն Փաշինյանին, պատասխան ստացա, որ իրողություններ են փոխվել, պետական շահով է առաջնորդվում, սիրո ատելության ու համերաշխության մթնոլորտը ի՞նչ է նշանակում, դա միայն շարժման մասնակիցների միջև ու նրանց հանդե՞պ է»,- հարց հնչեցրեց Արփինե Հովհաննիսյանը:

Դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների շարքերում կանգնած ուսանողներին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ նրանցից շատերը հենց Փաշինյանի նախաձեռնության շնորհիվ հասկացան, որ պետք է պայքարել հանուն գաղափարի: «Ընկեր Հովհաննիսյանը ձեզ մի բան է խնդրում, ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ առաջնորդվենք»:


 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին