Կարևոր իրադարձություններ

«Չկա լուծում առանց Նիկոլ Փաշինյանի գործոնի». մանրամասներ ՀՀ նախագահի հետ հանդիպումից

27 Ապրիլ, 2018 10:03
«Չկա լուծում առանց Նիկոլ Փաշինյանի գործոնի». մանրամասներ ՀՀ նախագահի հետ հանդիպումից

Ապրիլի 26-ի ուշ երեկոյան կայացել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այս առնչությամբ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է.

«Հանդիպումը ձևական չէր։ Նախագահը ներկայացրեց իր միջնորդական առաքելության որոշ արդյունքները, մենք ներկայացրեցինք կոնկրետ առաջարկներ։

Անկեղծ հույս ունենք, որ հնարավոր է գտնել իրոք ճիշտ լուծում։ Մեր առաջարկները հետևյալ սկզբունքների վրա են կառուցված.

ա. չի կարող լինել ուժային լուծում,

բ. չկա լուծում առանց Նիկոլ Փաշինյանի գործոնի,

գ. պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ,

դ. այս պահին առկա լուծման մի քանի տարբերակները պետք է հրապարակայնացնել հասարակության լայն շերտերի համար։

Հայաստանում շատ բան է փոխվել։ Պետք է մի բան հասկանալ՝ այլևս չկա վերադարձ հին բարքերին ու հին խաղի կանոններին։ Նոր սերունդը մերժեց հին վերնախավին։ Սա արժեքների, մտածելակերպի հակադրությունն է, որտեղ անպայման հաղթելու է առաջընթացը։

Հանդիպումից դուրս ենք եկել որոշակի հույսերով։ Ուզում եմ ընդգծել նախագահի՝ Արմեն Սարգսյանի, իրոք, անկեղծ ջանքերը՝  անելու իրենից կախված ամեն ինչ լուծում գտնելու համար»:

Նշենք, որ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ են ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին