Կարևոր իրադարձություններ

Հայերն ունեցել են Օսմանյան կայսրության տարածքում սեփական պետությունը հիմնելու բոլոր իրավական հիմքերը. թուրք սյունակագիր

24 Ապրիլ, 2018 13:14
 Հայերն ունեցել են  Օսմանյան կայսրության տարածքում սեփական պետությունը հիմնելու բոլոր իրավական հիմքերը. թուրք սյունակագիր

Թուրքական gazeteduvar.com.tr կայքի սյունակագիրներից Հասան Քյոսեն անդրադարձել է Հայկական հարցին ու Թուրքիայում Հայոց ցեղասպանությանն առերեսվելու խնդրին:

Ըստ Քյոսեի ՝ թուրք պատմաբանները որևէ կերպ չեն կարող բացատրել այսօր Թուրքիայում հայ համայնքի այդքան նոսր լինելու փաստը՝ նույնիսկ խեղաթյուրված պատմական պնդումների վրա հենվելու դեպքում, ըս որի` Օսմանյան կայսրության հայ բնակչության թիվն իջեցվում է մինչև 1 մլն 300 հազար: Նույնիսկ այդ պարագայում հայերի թիվն այսօր Թուրքիայում պետք է գերազանցեր 8 մլն-ը:
Թուրք սյունակագիրը շեշտել է, որ հայերն ունեցել են բոլոր իրավական հիմքերն Օսմանյան կայսրության տարածքում սեփական պետությունը հիմնելու:

«1915-ին Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայերի թիվը, ըստ թուրքական կողմի, 1 մլն 300 հազ. էր: Հայկական կողմը նշում է, որ այդ թիվն ավելի մեծ էր՝ շուրջ 2 մլն: Այսօր Թուրքիայում ապրող հայերի թիվը 100.000-ից էլ քիչ է: Եթե հաշվի առնենք 1915-ին կայսրության ընդհանուր բնակչության թվաքանակի տվյալները՝ 10 քաղաքացուց մեկը հայ էր, և այդ հաշվարկով այսօր Թուրքիայում հայերի թիվն առնվազն 8 մլն-ից պակաս պետք է չլիներ: Նույնիսկ նրանց, ովքեր պնդում են, թե «Ցեղասպանություն չի եղել, կոտորած չի եղել, միայն պատերազմի ընթացքում երկու կողմից էլ զոհեր են եղել» ու իրենց հաշվարկներն են ներկայացնում, իրավունք ունենք հարցնելու, թե ինչու է Թուրքիայում հայկական համայնքն այսքան փոքրաթիվ», - գրել է թուրք սյունակագիրը:

Ըստ նրա՝ այլևս երկրորդական է, թե որքան մարդ է մահացել ցեղասպանության ժամանակ, և թուրքական հասարակությանն ու իշխանություններին պետք է ուղղել միայն մեկ հարց. «1915 թվականի դրությամբ երկրի ամենամեծ ոչ մահմեդական համայնքը հանդիսացող հայերը, որոնք ապրում էին իրենց իսկ հողում և ունեին բոլոր օբյեկտիվ հիմքերը սեփական պետությունն ունենալու, ի՞նչ եղան…»: 


   

 

Լրահոս

Դիտել ավելին