Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

21 Ապրիլ, 2018 12:50
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ պատրաստ ենք քննարկել միայն նրա հեռացման պայմանները։ Այս մասին Գայի պողոտայում քայլերթի ժամանակ հայտարարեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ երկխոսության գնալու կոչին։

Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե եթե այս իրավիճակը երկար շարունակվի, կարող են անդառնալի կորուստներ լինել, Փաշինյանն արձագանքեց․ «Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կոչով դիմել էր Նիկոլ Փաշինյանին։

«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:  Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը: 

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ: 

Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին