Կարևոր իրադարձություններ

«Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է». Ազատ Արշակյան. «Փաստ»

20 Ապրիլ, 2018 08:50
«Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է». Ազատ Արշակյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում ու հանրապետության շրջաններում շարունակվող ակցիաների ու հանրահավաքների կազմակերպիչներն, ըստ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, շատ գրագետ են գործում: Նշենք, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում են իրականացնել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որն ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

 

«Անակնկալ էր, անսպասելի էր: Կազմակերպիչները շատ ճիշտ են գնահատել վիճակը: Ունեն իրենց զանգվածն ու այդ զանգվածին փողոց հրավիրեցին: Իրադրության հսկողությունն իրենց ձեռքում է: Շախմատային լեզվով ասած՝ իրենք հիմա սպիտակներով են խաղում, այսինքն՝ առաջինն են քայլ անում: Իսկ իշխանությունն ընդամենը պատասխանում է՝ պաշտպանվելով, նահանջելով կամ հարձակվելով, բայց միևնույն է՝ պատասխանողն է, անդրադարձողն է: Ընդդիմությունը շատ գրագետ է կազմակերպում իր աշխատանքը, իսկ իշխանությունը՝ տգետ: Իշխանության պատասխաններն ու արձագանքները որակյալ չեն: Այնպես է ստացվում, որ կոմպետենտ չէ և չի հասկանում, թե ինչ է կատարվում: Կամ էլ հասկանում են, բայց կաշկանդված են ու չեն կարողանում իրադրությանը համարժեք պատասխան տալ: Իսկ այդ ամենին հետևում են ցույցերը, անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները, որոնք հաջողությամբ են շարունակվում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ այդպիսի մեծ ակցիա իրականացնելն արդեն իսկ հաջողություն է Եվրասիական միության տարածքում:

«Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում նման բաներն անթույլատրելի են: Փաստորեն՝ մենք լավ քննություն ենք հանձնում այդ առումով: Մեզ մոտ դա ստացվեց՝ ինչպես 30 տարի առաջ: Սա կարող է Ղարաբաղյան շարժման նման «դետոնացիա» անել և տարածվել իմպերիայում: Անհնազանդության ակցիան նպատակ է, այսինքն՝ կարող ենք մենք անհնազանդ լինել: Իսկ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, թե՝ ոչ, արդեն երկրորդական է: Կարևորն այն է, որ Հայաստանում հնարավոր է լուրջ ակցիաներ անցկացնել: Իսկ եթե ակցիան համապատասխանի տարածաշրջանային և գլոբալ քաղաքակրթական կայունության շահերին, կարող են նաև իշխանափոխություն անել և շատ բաներ փոխել»,–ասաց նա:

Ուժային կառույցներն իրենց դեռ չեն դրսևորել այնպես, ինչպես, օրինակ, Սարի թաղի դեպքերի ժամանակ, թեև արդեն իսկ հատուկ միջոցներ են կիրառվել: Դիտարկմանն ու հարցին, թե պատճառը զուտ ԵՄ համաձայնագի՞րն է, թե այլ տեսանելի կամ անտեսանելի հանգամանքներ էլ կան, Ա. Արշակյանը պատասխանեց. «Տեսանելի են: Նախ՝ կան միջազգային պարտավորություններ: Բացի դրանից՝ ժամանակներն են փոխվել: Այն, ինչը կարելի էր տասը տարի առաջ, այսօր չի կարելի: Տասը տարի առաջ եվրասիական իմպերիան ոտքի էր կանգնում, իսկ միջազգային հանրությունը զբաղված էր իր գործերով՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ ծրագրեր էր մշակում, Էբոլայի համաճարակի ու ահաբեկչության դեմ էր պայքարում: Այդ ժամանակ ԽՍՀՄ նախկին տարածքը կայուն էր համարվում: Իսկ այդ կայունության ժամանակ ամերիկացիներն ու եվրոպացիները մարդու իրավունքների խախտումներին մատների արանքից էին նայում: Հիմա այդպես չէ: Հիմա կարևոր բան է տեղի ունեցել. Ռուսաստանը ձգտում է վերադառնալ Սովետական Միության կարգավիճակին՝ ազդեցության տարածք է ուզում, հավասարների և ավելի հավասարների պայման է դնում, ինչը մերժվել է աշխարհի կողմից: Ազդեցության տարածքներ չկան՝ յուրաքանչյուր պետություն ազդեցության տարածք ունի, որն իր ազգային սահմանների ներսում է: Հիմա մեր ազգային իշխանությունը միջազգային աջակցություն չունի: Իսկ ռուսական իմպերիան սանկցիաների հետևանքով թուլացել է՝ հիմա ՌԴ–ն չի կարող Հայաստանում ռեպրեսիաներ կիրառել: Իսկ յուրաքանչյուր ռեպրեսիա իր գինն ունի: Բայց ՌԴ–ն այդ գինը չունի՝ վճարունակ չէ: Այսինքն՝ չկա իդեա, կա հարցադրում՝ հանուն ինչի՞: Հանուն ինչի՞ պետք է ՀՀ–ում իշխանությունը հավերժ լինի: Հայաստանը չի ուզում նմանվել Ղազախստանին, Բելառուսին: Հանուն ինչի՞ մենք պետք է հետ գնանք: Կոմունիզմը հասկանալի էր, բայց հիմա ի՞նչ են խոստանում եվրասիացիները՝ ֆեոդալի՞զմ, հետադիմությո՞ւն, աղքատությո՞ւն, իրավունքների ոտնահարո՞ւմ: Գլխավոր՝ իշխանափոխության իրավունքը ոտնահարված է, իշխանությունը չի փոխվել: Ո՞վ կաջակցի հետադիմությանը»:

 Ազատ Արշակյանը շեշտեց, որ ՀՀԿ–ն գիտի, որ աշխարհի կողմից աջակցություն չի ստանա. «Քադաֆին և Սադամ Հուսեյնն արդեն չկան՝ հայտնի է նրանց ճակատագիրը: Կիմ Չեն Ընը ևս հանձնվել է: Իրանն էլ է հանձնվել՝ միջուկային ծրագրերը կրճատել է, այսինքն՝ Արևմուտքի պահանջներին ընդառաջ է գնում: ՀՀԿ–ն գիտի, որ նույնիսկ Պուտինն ու Նազարբաևը չեն կարող իրենց պաշտպանել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին