Կարևոր իրադարձություններ

Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրավիճակը չի փոխվի. Սերժ Սարգսյան

16 Ապրիլ, 2018 13:24
Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրավիճակը չի փոխվի. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Известия» պարբերականին: 
Հարցին, թե արդյո՞ք Արցախի հիմնախնդրի լուծման շրջանակներում առկա է Երևանի և Բաքվի միջև փոխզիջումների հնարավորություն, Սարգսյանը հիշեցրել է, որ ցանկացած բանակցային գործընթաց մշտապես խափանվել է ադրբեջանական կողմի պահվածքի հետևանքով: 
«1994 թվականին ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրվել է հրադադարի հաստատման եռակողմ համաձայնագիր: Ցավոք՝ սկսած 2014 թվականից Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվում է գրեթե ամեն օր: Իսկ 2016 թվականի ապրիլին, տանուլ տալով բանակցությունները, ադրբեջանական կողմը նենգաբար խախտեց համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններն ու անցավ մեծամասշտաբ ագրեսիայի Արցախի Հանրապետության դեմ՝ կիրառելով ավիացիոն ուժեր, զրահապատ տեխնիկա, խոշոր տրամաչափի հրետանի, հրթիռային համակարգեր, որոնք մեծ մասը, ի դեպ, գնվել է Ռուսաստանից: 

Դրանից հետո կայացել են մի քանի գագաթնաժողովներ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումների ուսումնասիրման մեխանիզմների ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ-ի նախագահի ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ: Սակայն ադրբեջանական կողմը հրաժարվում էր կատարել բոլոր պայմանավորվածությունները: Դեռ 2007 թվականին Մինսկի խումբն առաջարկեց լուծել խնդիրը՝ հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներով: Դա այն չէ, ինչի մասին մենք երազում էինք, սակայն, հասկանալով, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջման հիման վրա, մենք համաձայնեցինք բանակցել»,-նշել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատրանք ունեն, թե փոխզիջումը կարող է լինել միայն Հայաստանի ու Արցախի կողմից, նրանք դեռ հույս ունեն, որ հարցը կարող է լուծվել ուժի կիրառմամբ:

«Ինչպես ցույց է տվել 1990-ականների ու 2016-ի փորձը՝ դա անհնարին է: Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրավիճակը չի փոխվի: Միևնույնն է, մենք վաղ թե ուշ պետք է գանք ինչ-որ որոշման, սակայն որքան շուտ՝ այնքան լավ»,-շեշտել է Սերժ Սարգսյանը։  

Հարցին, թե ինչպես է Սարգսյանը տեսնում Արցախի ապագան՝ ՀՀ երրորդ նախագահը շեշտել է. «Արցախի ապագան ՝ ազատ կյանքն է: Այո, այն փոքր երկիր է, սակայն դա դեռ հիմք չէ, որ ասվի «դուք իրավունք չունեք ազատ ապրելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին