Կարևոր իրադարձություններ

Վարորդներն ուրախացան, մնում է տնտեսվարողներն էլ ուրախանան. «Փաստ»

11 Ապրիլ, 2018 09:45
Վարորդներն ուրախացան, մնում է տնտեսվարողներն էլ ուրախանան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10–ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսինքն, այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող քաղաքացիները կարող են նախապես իմանալ, թե մաքսազերծման ժամանակ ինչ վճարումներ պետք է կատարեն:

Ասել է թե, ՊԵԿ–ը թափանցիկ գործունեության շրջանակներում ավտոմեքենաների մաքսային արժեքը սահմանելու գործընթացը դարձրել է, ինչպես Կարեն Կարապետյանն է սիրում ասել, առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի:

Եվ այսպես, դրսից մեքենա ներկրելուց առաջ նախ հարկավոր է այցելել petekamutner.am կայքի գլխավոր էջում տեղադրված էլեկտրոնային ծառայություններ բաժինը: Այստեղ մուտքագրելով ընդամենը ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները՝ ավտոմատ համակարգը կհաշվարկի մաքսազերծման համար անհրաժեշտ մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ–ն:

Այսինքն, այն ամբողջ գումարը, որն անհրաժեշտ է առանց ավելորդ նյարդեր քայքայելու գաղափար կազմել, թե մեքենայի փաստաթղթերը ձևակերպելու և «տուն» տանելու համար ինչքան գումար է հարկավոր կողք դնել:

Սա, անշուշտ, ՊԵԿ–ի կողմից կատարված մեծ քայլերից մեկը կարելի է համարել, բայց անկեղծ ասած, լավ կլիներ, որ մի այդպիսի հաշվիչ կայք էլ գործարկվեր հարկ վճարողների համար, որպեսզի տնտեսվարողներն էլ կարողանային ինքնուրույն հաշվարկել, թե ինչքան հարկ ու տուրք պետք է վճարեն:

Ի դեպ, լավ կլիներ նաև, որ այդ ամբողջ ինֆորմացիան հասանելի լիներ, որպեսզի քաղաքացիները մինչև ձեռնարկատիրական գործունեություն սկսելը կարողանային պատկերացում կազմել, թե այս կամ այն դեպքում որտեղից պետք է սկսեն, ուր գնան, որտեղ ինչքան գումար պետք է վճարեն, ինչ փաստաթղթերի համար և այլն: Նման տեղեկություն տրամադրելը կնպաստի նաև, որ օրենքով նախատեսված բոլոր փոփոխությունները հաշվի առնելով, սովորական Ա/Ձ ունեցողները խուճուճ օրենքների պատճառով ստիպված չլինեն տույժ տուգանքների տակ չընկնելու համար հաշվապահ վարձել:

Մի խոսքով, ինչքան թափանցիկ, թեթև, այնքան արդյունավետ ու օգտակար բիզնեսի զարգացման համար: Այդ դեպքում, ինչպես հիմա մաքսային տեսուչների պարագայում է, տնտեսվարողները «հարկայինին» ոչ թե իրենց հոշոտելու պատրաստ գազանի պես կընդունեն, այլ կտեսնեն, որ ամեն ինչ արվում է, որպեսզի բիզնեսմենի աշխատանքն արդյունավետ լինի:

 Կարճ ասած, դա միայն կօգնի, որ, ինչպես Կարեն Կարապետյանն է ասում, գործընթացներն ավելի թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի դառնան:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին