Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ բենզալցակայանում ավազակային հարձակման և կասկածյալների ձերբակալման մասին

05 Ապրիլ, 2018 20:53
Մանրամասներ բենզալցակայանում ավազակային հարձակման և կասկածյալների ձերբակալման մասին

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ և տեսանյութ է հրապարակել Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակման և կասկածյալների ձերբակալման մասին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ «ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։ Այդ ընթացքում երկու երիտասարդ հետևից մոտեցել են աշխատակցին ու երկաթե ձողերով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Դաժան ծեծին միացել է նաև բենզին գնող երիտասարդը։ Աշխատակիցն ուժգին հարվածներից ընկել է գետնին։ Երիտասարդներն էլ հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու, նախնական հաշվարկով՝ 117․000 դրամ։

Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցված աշխատանքով, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ և, որ ամենակարևորն է՝ ավազակություն կատարած երիտասարդների ինքնությունը։

Դեպքից երեք օր անց՝ ապրիլի 4-ին, քրեական հետախույզներն ու հատուկ նշանակայիններն իրականացրեցին հատուկ գործողություն։

Ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են 26-ամյա Նորայր և 21-ամյա Նարեկ Մանուկյանները, որոնք եղբայրներ են և նրանց ընկերը՝ 21-ամյա Աղասի Չախոյանը։ Նրանք որպես կասկածյալներ ձերբակալվեցին։

Աղասի Չախոյանենց շենքի շքամուտքում իրավապահները հայտնաբերել են տուժողի թաքցված բջջային հեռախոսը։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են»

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «գլխի վնասվածքով» բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի՝ ծնված 1976թ.։ Պարզվել է, որ տուժողը Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանի աշխատակից է, ով մարմնական վնասվածքն ստացել է կատարված ավազակային հարձակման ժամանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, տղամարդը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 06:09-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանում հարձակվել են նույն բենզալցակայանի աշխատակցի վրա, որպես զենք օգտագործվող առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, ապա հափշտակել նրա մոտ, ինչպես նաև բենզալցակայանի սենյակում առկա կանխիկ գումարը և այլ ապրանքներ ու դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, ձեռնոցներ, մետաղյա ձող, առգարվվել դեպքի վայրում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ ավազակային հարձակմանը մասնակցություն է ունեցել երեք անձ, պարզվել նրանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել են և ձերբակալվել։ Երեք կասկածյալներն էլ Երևանի բնակիչներ են, նրանցից 2-ը՝ ծնված 1997թ., 1-ը՝ 1992թ.։ Վերջիններս հարցաքննվել են ու ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել են խուզարկություններ, նշանակվել դատաբժշկական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին