Անկարան եւ Մոսկվան էներգետիկայի ոլորտում համագործակցելու հետ կապված խնդիրներ չունեն, եւ խոսք չի գնում ռուսաստանյան գազից Թուրքիայի հրաժարվելու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ալը Ռըզա Ալաբոյունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ավիահարվածների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվելու հետ կապված, ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսաստանյան գազի գնումների եւ «Աքքույու» ատոմակայանի շինարարության հարցը:
«Էներգետիկական ոլորտում Ռուսաստանի հետ որեւէ խնդիր մենք չունենք: Ռուսաստանը մեր լավ մատակարարն է, մենք էլ նրա համար լավ գնորդ ենք, գազի մոտ 60 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսաստանյան գազից: Եթե անգամ կան ինչ- որ խնդիրներ, ապա մենք կգտնենք դրանց լուծման ուղին», -»Անատոլու»-ին տված հարցազրույցում ասել է թուրք նախարարը: