Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ուսուցիչը հեռացվել է աշխատանքից հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղության կոչեր անելու պատճառով

13 Մարտ, 2018 16:58
Ադրբեջանում ուսուցիչը հեռացվել է աշխատանքից հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղության կոչեր անելու պատճառով

Ադրբեջանում ուսուցիչը հեռացվել է աշխատանքից հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով: Հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ազիզովը հայտնել է, որ 2004 թ. որպես անգլերենի ուսուցիչ սկսել է աշխատել Բաքվի Նիզամիի շրջանի թիվ 220 դպրոցում: Ուսուցիչը նշել է, որ ինքը մշտապես նախընտրել է դասավանդման ոչ ավանդական մեթոդները` կազմակերպելով բազմաթիվ խաղեր, խմբային աշխատանքներ` առարկայի նկատմամբ երեխաների հետաքրքրությունը շարժելու համար: Ազիզովը դասերի ժամանակ նկարահանել է երեխաների մասնակցությամբ հայերի և ադրբեջանցիների բարեկամության վերաբերյալ մի քանի տեսանյութեր:

«Ես, որպես ուսուցիչ, ցանկանում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաներն ապրեն խաղաղ և անվտանգ: Ոչ ոք չի կարող երեխաների միջև ատելություն առաջացնել: Ծնողները պետք է երեխաներին մեծացնեն բարեկամության և սիրո ոգով»,-ասել է Ազիզովը:

Տեսանյութում երեխաները խաղացել են հայ և ադրբեջանցի երեխաների դերեր, ովքեր սկզբում թշնամաբար են վերաբերվել միմյանց, սակայն հասկանալով, որ թշնամանքը չի կարող հավերժ շարունակվել, բարեկամացել են:

Ուսուցչի այս գաղափարն առաջ է բերել Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների դժգոհությունը:

«Դեկտեմբերի 20-ին նրանք ներխուժեցին դպրոց և սկսեցին բոլորի աչքի առաջ սպառնալ ինձ, նրանք ինձ անվանեցին դավաճան, «հայկական լրտես» և պահանջեցին ինձ ազատել աշխատանքից»,-հավելել է Ազիզովը:

Դրանից 4 օր անց Ազիզովն աշխատանքային կարգապահության խախտման և աշխատանքից պարբերաբար ուշանալու կեղծ հիմնավորումներով ազատվել է աշխատանքից:

Երիտասարդ ուսուցիչը տնօրենի դեմ բողոք է ներկայացրել Նիզամիի շրջանի դատարան և սպասվում է, որ դատարանը գործի վերաբերյալ մարտի 14-ին վերջնական վճիռ կկայացնի:

«Ամեն դեպքում տնօրենը դատավարության ժամանակ խոստովանել է, որ ինձ աշխատանքից հեռացրել է առանց իր թույլտվության դասերի ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման մասին խոսելու և այդ թեմայով տեսանյութեր նկարահանելու պատճառով: Երբ ես տնօրենին հիշեցրեցի, որ այդ դասերին մասնակցել է նաև նրա աղջիկը, նա ասաց, որ սկզբում մտածելով, որ ժողովուրդների բարեկամության մասին տեսանյութ է լինելու, թույլատրել է, սակայն երբ իմացել է, որ խոսքը գնում է հայ-ադրբեջանական բարեկամության մասին, փոշմանել»,-նշել է Ազիզովը:

Ազիզովը հայտնել է, որ այդ ամենի հետ կապված երեխաների ծնողներից ոչ մեկը դժգոհություն չի հայտնել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին