Կարևոր իրադարձություններ

ԼՂ հարցը եղել է Բաքվում Իրանի ՊՆ ղեկավարի բանակցային հիմնական թեմաներից

22 Փետրվար, 2018 22:31
ԼՂ հարցը եղել է Բաքվում Իրանի ՊՆ ղեկավարի բանակցային հիմնական թեմաներից

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի քաղաքականության հիմնական շեշտադրումներից մեկը հարգանքն է բոլոր երկրների տարածքային ամբողջականության հանդեպ։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարն Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել երկօրյա այցով` բանակցություններ անցկացնելով երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Երեկ Հաթամիին ընդունեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բանակցությունների ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի և Ադրբեջանի ռազմա-քաղաքական կապերի ամրապնդմանը:

«Համոզված եմ, որ Ձեր այցը Բաքու մեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը քննարկելու հարմար առիթ է: Բացի այդ, մենք այս բանակցությունների ընթացքում կարող ենք քննարկել Իրանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցության հեռանկարները», – դիմելով Իրանի պաշտպանության նախարարին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:

Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:

«Ղարաբաղյան հակամարտության չլուծված կարգավիճակը լրջորեն սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Մենք, սակայն, երախտապարտ ենք Իրանի իշխանություններին գործադրած այն ջանքերի համար, որոնց նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա», – իր իրանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին