Կարևոր իրադարձություններ

Գարիկն ու Արամ Mp3-ն բացահայտում են Նիկոլ Փաշինյանի ելույթների գաղտնիքը, իսկ Սեյրան Օհանյանի կինը՝ իր երգարվեստը. Շաբաթի TOP 10

02 Դեկտեմբեր, 2017 14:01
Գարիկն ու Արամ Mp3-ն բացահայտում են Նիկոլ Փաշինյանի ելույթների գաղտնիքը, իսկ Սեյրան Օհանյանի կինը՝ իր երգարվեստը. Շաբաթի TOP 10

Այս ամենն է հայ հանրությունն ամենից շատ նկատել ու քննարկել 2017 թվականի նոյեմբերին։ Եվ այսպես.

 

1․ Գարիկ Պապոյան և Արամ Mp3

Վաղուց հայկական եթերը նորմալ հաղորդում չէր տեսել։ Գարիկն ու Արամը բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը նույն ընդդիմադիր ոգևորությամբ կարող է գոռալ իրեն տրված ցանկացած տեքստ։ Նրանք կարողացան պարացնել նույնիսկ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանին։ Նրանց շատ տաղանդավոր աղջիկ-լրագրողը ցույց տվեց, թե որքան անխելք են «Միս Հայաստան» մրցույթի որոշ մասնակիցներ։ Մի խոսքով, հայ հանրությունը սկսեց հաճույքով տարածել և քննարկել հայկական հումորային միակ բարձրաճաշակ հաղորդումը՝ երախտապարտ լինելով Հ1-ը խելքի բերող շնորհալի կառավարչին։

 

2. ՀՀ-ԵՄ համաձայնագիր

Վաղուց հայ հանրությունը ռուսական սապոգից բացի ոչինչ չէր տեսել։ Դեպի Եվրոպա պատուհանը բացեց Սերժ Սարգսյանը, ով մեղադրվում էր այնտեղ տանող դուռը չորս տարի առաջ շրխկոցով փակելու մեջ։ Խանդոտ ամուսնու դերի մեջ մտած ռուսական հեռուստաալիքները հարձակվեցին «և՛, և՛»-ը սիրող Հայաստանի վրա, ով իր հերոսացած առաջնորդի շնորհիվ կարողացավ ոչ միայն դառնալ ԵՏՄ լիարժեք անդամ, այլև ԵՄ-ի հետ մտնել այս չափազանց կարևոր և երկարաժամկետ հնարավորություններ ստեղծող համաձայնագրի մեջ։

 

3․ Արիաննե Կաոիլի

Մինչ աշխարհահռչակ շախմատիստը իր հերթական հաղթանակն էր տոնում, նրա ֆիլիպինուհի կինը դարձավ վարչապետի խորհրդական։ Մարդիկ նոր էին համակերպվել շախմատիստի տանը հայու գենը խախտելու հետ, երբ հայոց լեզվին չտիրապետող այս նորելուկ պաշտոնյան իր ֆիլիպինյան արյունը խառնեց հայրենի կառավարության վտակներին, որոնք դժվար թե այլևս առանձնահատուկ վարարեն՝ հաշվի առնելով մամուլում շրջանառված ապագա պաշտոնաբաժանի սխեմաները։   

 

4․ Սամվել Կարապետյան

Նա լայնորեն քննարկվեց իր «Ռիո» մոլը բացելով և «Հայաստան» համահայկականհիմնադրամին 2 միլիոն 250 հազարդոլար նվիրաբերելով։ Ճիշտ է՝ նրա տղայի քավորն ըստ մամուլի այլևս չի հավակնում դառնալ երկրի առաջնորդ, բայց նա բավական լավ հարաբերություններ ունի նաև Հայաստանի ներկայիս առաջնորդի հետ։ Նա այլևս ընկալվում է ոչ թե որպես Հայաստանի իշխանության ապագան որոշող Կրեմլի ներկայացուցիչ, այլ միայն որպես հայրենանվեր ներդրող, ով ի տարբերություն ոմանց երկրից փողը չի հանում և տանում Էմիրություններ կամ Իտալիաներ։

 

5․ Ռուզաննա Խաչատրյան

Է՛լ հղի կին, է՛լ դասալիք, է՛լ Քիմ Քարդաշյան… Ինչեր ասես, որ չասեց ու չգրեց այս էքսցենտրիկ կինն իր ամուսնուն անպաշտոն թողած մարդկանցից մեկի հասցեին։ Նրա խորհրդավոր ու հանելուկային հարձակումներն ավարտվեցին յուրօրինակ երաժշտական կատարմամբ, ինչի շնորհիվ օր օրի ավելի աստեղային դարձող և լիրիկական պոռթկումներով զարմացնող քաղաքական գործիչը ամբողջովին ստվերում թողեց իր գեներալ ամուսնու թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր կերպարը։

 

6․ Գարեգին Նժդեհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդավարուհին Գարեգին Նժդեհին անվանեց ֆաշիստ, իսկ ՀՀԿ զինանշանը նմանեցրեց նացիստականի հետ։ Դաշնակից պետության պետական հեռուստաալիքի կողմից Հայաստանի իշխող կուսակցության գաղափարական սիմվոլների և հատկապես Նժդեհի վրա նման հարձակումը շոկային դարձավ բոլորի համար, սակայն սկանդալը հարթվեց, երբ  հեռուստաալիքը ներողություն խնդրեց այս սխալի համար։

 

7․ Դավիթ Պետրոսյան

Այս երիտասարդն իր ընկերների հետ պայքարի ելավ տարկետումը վերացնող օրենքի դեմ, գնաց վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ հանդիպման, այնտեղ հունից հանեց Վիգեն Սարգսյանին, հետո էլ համալսարանական սենյակներից մեկում նստացույց ու հացադուլ սկսեց։ Վերջում ամեն ինչ եղավ ինչպես միշտ. նա գնաց Շարմազանովի սենյակ և սկսեց կլոր սեղանների մասնակցել իշխանավորների հետ։ Օրենքն անփոփոխ ընդունվեց՝ տարկետումից զրկելով հազարավոր կեղծ գիտնականների և մի քանի տասնյակ իրական շնորհալիների։

 

8․ Քսենյա Սոբչակ

Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում Կրեմլն այսուհետև կունենա իր ամենազվարճալի և հետաքրքրաշարժ ընդդիմադիր թեկնածուն՝ բազմաթիվ սկանդալային շոուներով աչքի ընկած ռուսաստանյան Պերիս Հիլթոնին։ Քսյուշային նախագահացուի այս նոր դերում տեսնելով՝ հայ հանրությունը դառնորեն հիշեց ու նորովի վերապրեց  սեփական իշխանությունների կողմից տարբեր ընտրություններում ներդրված նախկին ու ներկա հաճախորդների նմանատիպ շոուները։  

 

9․Սամվել Բաբայան

Ինչը կհաղթեր Արցախի հերոսին, թե չլինեին «Իգլայի» խողովակն ու հայոց դատարանը։ Արցախյան ազատամարտի ամենաականավոր մասնակիցներից մեկը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման՝ ապօրինի զինամթերք շրջանառելու և փողերի լվացման համար, մի քիչ էլ՝ անցած խորհրդարանական ընտրություններում ակտիվանալու և ընդդիմադիր բևեռ ձևավորելու փորձի համար։

 

10․ Ռոբերտ Մուգաբե

Մինչ Դոնալդ Թրամփը շարունակում էր հրապարակային գզվռտոցը Հյուսիսային Կորեայի դիկտատորի հետ, Զիմբաբվեի զինվորականները կերան սեփական դիկտատորի գլուխը։ Հարարեում մարդիկ պարում էին ու տոնում աշխարհի ամենաարյունարբու բռնակալներից մեկի անկումը՝ նախանձեցնելով հյուիսկորեացիներին և այլ բռնաճնշված ժողովուրդներին, ովքեր սրտատրոփ տարոսիկներ են սպասում ազատաշունչ Զիմբաբվեից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին