Կարևոր իրադարձություններ

Երեկվա ուժգին քամու հետևանքները. «Փաստ»

18 Հոկտեմբեր, 2017 07:45
Երեկվա ուժգին քամու հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում հանրապետության մի քանի մարզում գրանցված ուժեղ քամին վնասներ է հասցրել:

Լոռու մարզում ուժեղ քամու հետևանքով Ստեփանավան քաղաքի մի քանի թաղամասեր են հոսանքազրկվել: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքապետի խորհրդական Լևոն Քալանթարյանը: Որոշ թաղամասերում նաև գազամատակարարումն է դադարեցվել: Քամու հետևանքով 3 էլէկտրասյուն է շրջվել և վնասել գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

«Ծառն է պոկվել ու ընկել հենասյան վրա, ինչի հետևանքով էլ դեպքն է տեղի ունեցել»,– մանրամասնեց նա:

Քամու հետևանքով այլ վնասներ Ստեփանավանում չեն արձանագրվել: Այժմ գազամատակարարումը վերականգնելու համար աշխատանքներ են տարվում:

«Մի երկու ժամից արդեն գազ էլ կունենան, հոսանք էլ, ջոկատներն այդ ուղղություններով աշխատում են»,– հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Քամի գրանցվել է նաև Արարատի և Արմավիրի մարզերում: Բնակիչների փոխանցմամբ՝ թեև քամին ուժեղ չի եղել, բայց մասնակի վնասներ են կրել: Քամին տանիքներից թիթեղներ է քշել ու հարված հասցրել ջերմոցային տնտեսություններին:

«Ջերմոցի ցելոֆոններն ամբողջովին պոկել տարել է: Նոր եմ ջերմոց դրել՝ ձմռան համար կանաչի եմ ցանել: Ցելոֆոնի կեսը չկա»,– պատմեց Ազատաշեն համայնքի բնակչուհին:

Էջմիածնի տարածաշրջանի մի շարք համայնքներ էլ հոսանքազրկվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քամուց Իջևան–Դիլիջան հատվածի 15–րդ կմ–ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Հրշեջ–փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

«Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում նույնպես քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին