Կարևոր իրադարձություններ

Հիմնական զեկուցողը մերժել է Ադրբեջանի կողմից արված առաջարկները. Կորյուն Նահապետյանը` ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստի մասին

17 Հոկտեմբեր, 2017 14:50
Հիմնական զեկուցողը մերժել է Ադրբեջանի կողմից արված առաջարկները. Կորյուն Նահապետյանը` ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստի մասին

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 6-9-ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Հայ պատվիրակներից մասնակցել են Կորյուն Նահապետյանը, Էդմոն Մարուքյանը եւ Սուրեն Մանուկյանը:

Կորյուն Նահապետյանն արդյունավետ է գնահատել հայ պատվիրակների աշխատանքը՝ նշելով, որ իրենք մասնակցել են բոլոր ձեւաչափերով քննարկումներին: Լիագումար նիստից բացի՝ պատվիրակությունը մասնակցել է Քաղաքական, Պաշտպանության եւ անվտանգության, Անվտանգության քաղաքացիական չափման, Տնտեսության եւ անվտանգության, Գիտության եւ տեխնոլոգիաների հանձնաժողովների աշխատանքներին եւ հետաքրքրող բոլոր հարցերի, բանաձեւերի ու զեկույցների կապակցությամբ արտահայտել հստակ դիրքորոշումներ ու տեսակետներ: Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ, ինչպես միշտ, այս անգամ եւս Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է հակահայկական քարոզչություն իրականացնել՝ առաջարկելով հակահայկական տարբեր ձեւակերպումներ:

Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ բավական հետաքրքիր քննարկում է ծավալվել Սեւծովյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խնդիրների կապակցությամբ, որի վերաբերյալ զեկույցում իր անհանգստությունն ու մտահոգություններն է հայտնել հիմնական զեկուցող Ուլա Շմիդտը: Բանաձեւի նախագծում ներառելու համար ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է որոշ ձեւակերպումներ, որոնք հետագայում մերժվել են հիմնական զեկուցողի կողմից, իսկ հայկական պատվիրակությունն էլ ներկայացրել է իր առարկությունները: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ զեկույցը եւ բանաձեւի նախագիծը Սեւծովյան տարածաշրջանին առնչվում էին նեղ իմաստով՝ այսինքն, վերաբերում էին միայն այն պետություններին, որոնք ելք ունեն դեպի ծով: Իր առաջարկներով Ադրբեջանը փորձել է ընդլայնել այդ շրջանակը եւ դրանում ամբողջապես ներառել Սեւծովյան տարածաշրջանը՝ այդ թվում նաեւ՝ Ադրբեջանը: Դրանով Ադրբեջանը փորձ է արել տարածաշրջանային հակամարտությունների լուծումը տանել տարածքային ամբողջականության սկզբունքով: Հիմնական զեկուցողը մերժել է Ադրբեջանի կողմից արված առաջարկները, հետեւաբար՝ հայկական կողմին անհանգստացնող որեւէ դրույթ չի ներառվել նշված բանաձեւում:

Տարեկան նստաշրջանի ընթացքում քննարկվել են նաեւ Սիրիայում մարդասիրական օգնության հավասարաչափ բաշխման խնդիրը, Քրդստանի անկախության հանրաքվեն, Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները: Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում եւ Վրաստանում փոփոխություններ իրականացնելու հարցին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ անկախ այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցից, լրջագույն փոփոխությունների իրականացումը բխում է այդ երկրների շահերից:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քննարկվող հարցերի մի զգալի մաս վերաբերել է ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերություններին: Կորյուն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գնահատմամբ, թեեւ ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերություններում չկա զգալի առաջընթաց, այնուամենայնիվ նկատելի է դրական տեղաշարժ: Քննարկման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի վերջին նիստին, որի ընթացքում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: Քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ:

Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների քննարկման ժամանակ Ադրբեջանը կրկին անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ փորձել ցույց տալ, թե Ռուսաստանը բացասական դերակատարություն ունի այս տարածաշրջանում՝ Հայաստանին արտոնյալ վարկային պայմաններով տրամադրելով զենքեր: Արձագանքելով սրան՝ հայկական կողմը ներկայացրել է մեր անվտանգային համակարգը եւ նշել, որ, հակառակը՝ Ադրբեջանն է ձեռք բերում հարձակողական սպառազինություն թե Ռուսաստանից, թե այլ երկրներից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին