Կապանի փլուզված թիվ 2-րդ ավագ դպրոցը հիմնովին վերանորոգվել է: Այսօր Սյունիքի մարզ աշխատանքային այցելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է դպրոց ու տեղում ծանոթացել կատարված աշխատանքին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը, դպրոցը 2011թ.-ի հուլիսի 16-ին փլուզվել էր ու դարձել վթարային:
Այսօր դպրոցն արդեն ունի ուսումնական և մարզադահլիճային մասնաշենքեր և նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: Դպրոցի դիմաց կառուցվել է թենիսի դաշտ, տարածքը ցանկապատվել է, կանաչապատվել, տրվել է նոր գույք, ավելացրել են դասարանների քանակը:
Ռիտա Օվչյանն ասաց, որ դպրոցի նորոգման աշխատանքներին հետևում էր ոչ միայն քաղաքային իշխանությունը, այլև՝ նախագահը, ով դեռևս 2013թ.-ին շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար այցելել էր դպրոց:
Նշենք, որ դպրոցի վերակառուցման ընդանուր գումարը կազմել է 933.6 միլիոն դրամ: