Կարևոր իրադարձություններ

«Կարևոր չէ, որ Երևանում կա Կասյան փողոց, կարևոր է, թե մենք Կասյանին պատասխանատու ճանաչու՞մ ենք Խորհրդային Կարմիր տեռորի հարցում»

15 Օգոստոս, 2017 14:17
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Կարևոր չէ, որ Երևանում կա Կասյան փողոց, կարևոր է, թե մենք Կասյանին պատասխանատու ճանաչու՞մ ենք Խորհրդային Կարմիր տեռորի հարցում»

Կարևոր չէ, որ Երևանում կա Կասյան փողոց, կարևոր է, թե մենք Կասյանին պատասխանատու ճանաչու՞մ ենք Խորհրդային Կարմիր տեռորի հարցում:

Սարգիս Կասյան(Տեր Գասպարյան կամ Կասպարյան), ծնվել է 1876ին, Շուշիում, գնդակահարվել է 1937ին, Երևանում: Բոլշևիկյան քաղաքական բռնությունների թե մասնակից է, թե զոհ: 1902ին ավարտել է Լայպցիգի առևտրական ինստիտուտը, 1904ին Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Հայ բոլշևիկներից է առնվազն 1905–06-ից, լինելով Բաքվում ստեղված ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի Հայկական բաժանմունքի հիմնադիրներից մեկը: Շատ հնարավոր է, որ նրան այդ քայլին մղել են 1905–06ին Հարավային Կովկասում մոլեգնած ազգամիջյան կոտորածների սարսափները, ամենայն հավանականությամբ ազնվորեն հավատացել է, որ Ռուսական կայսրությունում միայն բոլշևիկյան կուսակցությունն էր կարող արմատապես լուծել չդադարող բռնությունների հարցը: Կասյանը այսպես կոչված Բաքվի հեղափոխական բոլշևիկյան դպրոցից էր, որն անցել են կովկասյան բազմաթիվ կոմունիստներ: Նրս կուսակցական գործունեությունը այդ դպրոցի շատ անդամների համեմատ քիչ է հայտնի, նա ավելի հայտնի է որպես մարքսիզմի տեսաբան և բազմաթիվ հոդվածներ է հրապարակել իր իսկ ջանքերով ստեղծվող և մեյկը մյուսի ետևից փակկվող բոլշևիկյան թերթերում: Ռուսաստանի բոլշևիկյան հեղաշրջումից հետո, 1917–20-ին եղել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրկոմի անդամ, 1919–20-ին՝ քարտուղար: Այն փաստը, որ Կասյանը 1919ի սեպտեմբերին մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների անլեգալ խորհրդակցությանը, իսկ 1920-ի հունվարին նաև առաջին անլեգալ կոնֆերանսին, խոսում է այն մասին, որ Կասյանն ինքն իրեն, կամ կովկասյան բոլշևիկների կողմից ընկալվում էր նախ և առաջ որպես հայ բոլշևիկ, չնայած իր դատողություններում նա սովորաբար դեմ է արտահայտվել բոլշևիզմի ազգայնացմանը միշտ հակասություններ է ունեցել սպեցիֆիկների խումբը ներկայացնող հայ բոլշևիկների հետ: 1920-ի հունվարին նա ընտրվել է Արմենկոմի նախագահ, ինչը վկայում է այն մասին, որ ռուսաստանյան բոլշևիկները նրան նախապատրաստում էին ապագա Խորհրդային Հայաստանի ղեկավար: Դա հաստատվում է նաև նրանով, որ 1920ի նոյեմբերի 22ին, երբ Հայաստանում Մուստաֆա Քեմալի «թուրք բոլշևիկները» Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ և ռուս բոլշևիկների համագործակցությամբ արդեն գրավել էին Ալեքսանդրապոլը, Բաքվում Սերգո Օրջոնոկիձեի նախաձեռնությամբ արագորեն ձևավորվում է Հայհեղկոմ, որի նախագահ է դառնում Կասյանը: Այս Հեղկոմն արագորեն ձևավորվել էր, որովհետև Ստալինն ու Օրջոնոկիձեն առարկայորեն տեսնում էին, որ թուրքերին պարտված Հայաստանում թուրքերն արդեն տնօրինում են Հայաստանի ապագա բոլշևիկյան իշխանությունը ձևավորելու հարցը: Մասնավորապես հինգ օր առաջ, նոյեմբերի 16ին, Աքեսանդրապոլը գրաված Քյազիմ Կարաբեքիրը բանտից ազատել էր բոլշևիկների մի խումբ և նրանց հռչակել խորհրդայնացված Հայաստանի Հայհեղկոմ: Բոլշևիկների Կովկասյան կազմը Ստալինի գլխավորությամբ փորձում էր Հայաստանի խորհրդայնացման նախաձեռնությունը թուրքերից խլել և հենց այդ նպատակով է նոյմբերի 22ին Բաքվում ստեղծվում ռուսական» Հայհեղկոմը, որն առաջիկայում պետք է լեգալացներ Հայաստանի ռուսական բոլշևիկյան հեղաշրջումը և ստեղծեր հեղափոխության երևույթ: Նոյեմբերի 21ին Հայաստանում խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանը տեղեկացրել էր, որ դաշնակների հետ նախապես համաձայնեցրած կոալիցիոն կառավարություն ստեղծելու բանակցությունները որոշ փակուղի են մտել, քանի որ կոալիցիոն խմբի կողմից իշխանությունը զավթելուց հետո դաշնակները կարող էին չհամաձայնել Հայաստան հրավիրել Կարմիր բանակին: Ըստ երևույթին Բաքվում համաձայնեցերել էին, որ այդ կարգի փակուղային իրավիճակից խուսափելու հնարավորությունը ոչ թե դաշնակների հետ կոալիցիոն կառավարության կազմումը կլիներ, այլ վստահելի բոլշևիկյան կառավարությունը, հավանաբար ի դեմս Բաքվում ստեղծվելիք Հայհեղկոմի, որն էլ անմիջապես ստեղծվում է Բ.Լեգրանի այս գրությունը ստանալու հաջորդ օրը, նոյմբերի 22ին: Ահա Լեգրանի գրությունը. РАДИОТЕЛЕГРАММА ПОЛНОМОЧНОГО ПРЕДСТАВИТЕЛЯ РСФСР В АРМЕНИИ Б. ЛЕГРАНА ЧЛЕНУ КАВКАЗСКОГО БЮРО ЦК РКП(б) И РВС КАВКАЗСКОГО ФРОНТА Г. ОРДЖОНИКИДЗЕ
о правительственном кризисе в Армении

(Эривань, 21 ноября 1920 г.)

Создать коалиционное правительство не удалось. Среди дашнаков образуются группы, готовые принять программу Советорганизации и разрешения армяно-турецкого конфликта при посредничестве Советроссии и вводе красных войск в Армению. Во главе одной группы стоит Дро. Принимая меры объединения групп [в] целях захвата ими власти, при образовании Советправительства придется дать дашнакам больше мест, чем было предположено [в] Баку. [На] основании решений, принятых [в] Баку, даем гарантию немедленного вступления красных войск [в] Армению, как только новое Советправительство обратится с просьбой об этом. Легран
РГАСПИ. Ф. 85. On. 14. Д. 31. Л. 1. Копия.
Բաքվի կոմիսարների կործանումից և Ստեփան Շահումյանի սպանությունից հետո բոլշևիկների կովկասյան կազմում այլնպիսի նշանավոր և ռուս բոլշևիկների կողմից ընդունված, վստահելի մարդ չկար, ով կղեկավարեր Հայհեղկոմը: Առավել ընդունելի Անաստաս Միկոյանն էր, բայց նա դեռևս ընդամենը 25 տարեկան էր և այնպես էր սերտաճած Բաքվի մահմեդական բոլշևիկների մեջ, թուրք-հայկական պատերազմի ընթացքում այնքան բացահայտ էր պաշտպանել թուրքական շահերը, որ, իր իսկ խոսքերով, «в армянских кругах Баку его скоро стали называть мусульман-
ским коммунистом» (РГАСПИ. Ф. 588. Оп. 2. Д. 1. Л. 12-13..): Նրան հայ կոմունիստները մահմեդական դրածո էին համարում,
և ինքն էլ արհամարհանքով էր վերաբերում հայ կոմունիստներին: Այդ շրջանում Միկոյանին Հայհեղկոմի նախագահ դնելը սպառնալիքի տակ կդներ Ռուսաստանի կողմից ձևավորված Հայհեղկոմին առաքելությունը: Կասյանի գլխավորությամբ Հայհեղկոմը լիովին արդարացրեց իրեն ստեղծողների վստահությունը. 1920 թվականի նոյեմբերի 29-ին ՌՀԿ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ անցավ հայ-ադըրբեջանական սահմանը և մտավ Քարվանսարա (Իջևան)։ ՌՀԿ-ն Հայաստանի «աշխատավոր ժողովրդի» ապստամբության անունից երկիրը հռչակեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն, հաջորդ օրը օգնության խնդրանքով հեռագիր ուղարկեց Խորհրդային Ռուսաստանի կառավարության նախագահ Վ. Լենինին: Դեկտեմբերի երկուսին Հայաստանի դաշնակցական կառավարությունը հրաժարվեց իշխանությունից և պայմանագիր ստորագրեց Խորհրդային Ռուսաստանի հետ, ըստ որի Հայասանի նորաստեղծ Խորհրդային իշխանությունները պետք է չհետապնդեին դաշնակցության, բայց հատկապես կառավարության անդամներին: Կասյանի գլխավորած խումբը Երևան ժամանեց միայն ամսի վեցին, առաջին դեկրետով ստեղծեց Արտակարգ հանձնաժողով, որի նպատակը «հակահեղափոխականների» ու «Խորհրդային Հայաստանի դեմ պայքար ծավալողներին» վերացնելն էր: Հենց առաջին գործը եղավ դաշնակցականների ձերբակալություններն ու հայ սպաների աքսորը: 
Ակնհայտ է, որ հապճեպ ձևավորելով Հայաստանի նորաստեղծ Ռազմական հեղկոմի,- Հայհեղկոմի կազմը, բոլշևիկների կովկասյան-ստալինյան թիմը ժամանակ չի ունեցել հավասարակշռված խումբ հավաքել: Այն շատ ուշագրավ հայրենակցական կազմ ուներ, բոլորը Բաքվից էին, բացառությամբ Կապանում ծնված Ավիս Նուրիջանյանի, համարյա բոլորը շուշեցիներ են, մոտավորապես նույն տարիքի, 44 տարեկան Կասյանից երեք տարով փոքր էին 1879ին Շուշիում ծնվ. Ալեքսանդր Բեկզադյանը և Իսահակ Դովլաթյանը (Դովլաթով) , ինը տարով փոքր էր 1885ին Ելիզավետպոլում ծնվ. Ասքանազ Մռավյանը, տաս տարով փոքր էր 1886ին Շուշիում ծնվ. Սահակ Տեր-Գաբրիելյանը, իսկ Կապանի մերձավորությամբ գտնվող Վաչագան գյուղում 1896ին ծնվ. Ավիս (Ավետիս) Նուրիջանյանը ընդամենը 24 տարեկան էր: Վերջինս ավարտել էր Շուշիի ռեալական ուսումնարանը և տեղափոխվել Բաքու: Շատ հավանական է, որ այս Հայհեղկոմի այս կազմը համաձայնեցվել է Ադրբեջանի Հեղկոմի կամ, առնվազն, Նարիման Նարիմանովի հետ: 
Դրանք պետք է լինեին մարդիկ, ովքեր պետք է համաձայնեին Նախիջաևնն ու Լեռնային Ղարաբաղը, գուցե նաև Զանգեզուրը զիջել Խորհրդային Ադրբեջանին կամ, համենայն դեպս, զսպեին հայկական լուրջ առարկությունները դրան: Ամենածանր առարկությունները հենց Ղարաբաղից էր սպասվում, հատկապես Շուշիից և շուշեցիներից, և այդ խումբը պետք է շատ լավ ճանաչեր առարկությոնների հեղինակներին և կանխարգելեր առարկությունները: Դա մի խումբ էր, որ պետք է հավատար, կամ հավատ ձևացներ, որ բոլշևիկյան գաղափարախոսությունն անհամեմատ կարևոր է ազգային շահերից, նվիրված լիներ ռուսական բոլշևիզմին, խմբի անդամները պետք է լավ ճանաչեին միմյանց և վստահեին կամ առնվազն գործեին միմյանց թուլություններն ու առավելություններն իմանալով, և, իհարկե, սենտիմենտալ չլինել, պատրաստ լինեին Հայաստանի տարածքում բռնություններ կիրառելու, չկաշկանդվելով Հայաստանի բնակչության ներքին հարաբերություններից: Կասյանը իր խմբի հետ կատարեց իր առաքելությունը, եկան Հայաստան, հայտարարեցին խորհրդային հեղափոխություն, հրավիրեցին Կարմիր Բանակը, աքսորեցին հայ սպաներին, կացնահարեցին Երևանի բանտում գտնվող ձերբակալավածներին, կնքեցին Կարսի պայմանագիրը (ստորագրել են Ասքանազ Մռավյանը և Պողոս Մակինցյանը), իրականացրին Կարմիր տեռորը, Հայաստանի բնակչության ունեցվածքի բռնագրավումը և այլն: Համարվում է, որ Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ալեքսանդր Բեկզադյանը այս քաղաքականության մեղմ, իսկ Ավիս Նուրիջանյանը, Իսահակ Դովլաթյանը, Գևորգ Աթարբեկյանը (Արտակարգ հանձնաժողովի նախագահ) բռնի կիրառման կողմնակիցներ էին։ Վերջին երեքը ոչ կրթություն, ոչ բարոյականություն ունեին: Հայաստանի Ներքին գործերի կոմիսար դարձած Իսահակ Դովլաթյանի մասին նրան լավ ճանաչող Բախշի Իշխանյանը գրում է. «Նա տարրական կրթություն էր միայն ստացել, եղել է տարիներ շարունակ Բաքվում հասարակ գրագիր Մանթաշյանի նավթարդյունաբերերական ձեռնարկության գրասենյակում, իսկ վերջին հեղափոխության շրջանում անցել էր բոլշևիկների շարքերը: Նա շատ քիչ հասկացություն ուներ այն գործից, որին ծառայում էր. մինչւ վերջն էլ սոցիալիստական հասկացությունների այբուբենը մուրում էր իր ավագ ընկերներից»: Հիշատակված բոլոր անձիք, բացի Ասքանազ Մռավյանից (մահացել է 1929ին) և Գևորգ Աթարբեկյանից (զոհվել է 1925ին ինքնաթիռի կասկածելի վթարից) ստալինիզմի քաղաքական զոհերն են, գնդակահարվել են տխրահռչակ 1937ին: Մինչ այդ Կասյանը հասցրել է լինել Անդըրկովկասյան կոմունիստական համալսարանի ռեկտոր, 1927–31-ին՝ Անդրկովասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիաիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) և ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեների նախագահ, 1931–34-ին՝ ԱԽՖՍՀ Գերագույն դատարանի նախագահ: Դրակա՞ն, թե՞ բացասական դեր է խաղացել Կասյանը Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրում այդ դժվարին ժամանակներում,-հարցի միայն մի կողմն է: Կասյանը, ընդունված է ասել, անկարող է եղել մեղմել խորհրդային բռնությունները: Բայց Կասյանը շատ լավ գիտեր, թե ինչի համար է ուղարկվում Հայաստան և ում հետ է ուղարկվում, Կասյանը հիանալի իրազեկ էր Խորհրդային Ռուսաստանում տեղի ունեցած Կարմիր տեռորին, գիտեր բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունների մասին, գիտեր քաղաքացիական պատերազմի մասին, Կասյանն ինքն է փաստացի համաձայնել գլխավորել խորհրդային բռնությունները Հայաստան բերելու ծրագիրը, և եթե նա անգամ անկարող է եղել դրանք մեղմել, ազատու՞մ է դա արդյոք նրան պատասխանատվությունից: Ազատու՞մ է արդյոք Կասյանին պատասխանատվությունից իր զինակիցների կողմից գնդակահարված լինելու փաստը: Եթե այո, ապա անիմաստ է այսօր դժգոհել Հայաստանում ծաղկում ապրող կոռուպցիայից, ընտրակեղծարարությունից, իշխանության բռնազավթումից, հասարակական բևեռացումից, երկրի ռեսուրսների թալանից, արտագաղթից, աղքատացած բնակչության նվաստացումից, մշակութային և կենցաղային ռաբիսությունից... Այս ամենի համար պատասխանատու մարդ-մարդիկ չկան: Եթե ոչ, ապա Կասյան փողոցի վրա ապրողները և առհասարակ Հայաստանի բնակչությունը պիտի իմանա, թե այդ փողոցին անուն տված անձը ինչու և ինչպես է համաձայնել լինել եթե ոչ գլխավորողը, ապա առնվազն մասնակիցը հենց իրեն իսկ գնդակահարության հասցրած համակարգի:

 

Լրահոս

Դիտել ավելին