Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը դիմել է Տիգրան Սարգսյանին` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵԱՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցերով

26 Հունիս, 2017 13:30
Էդմոն Մարուքյանը դիմել է Տիգրան Սարգսյանին` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵԱՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցերով

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Նշված հաղորդագրության մեջ մասնավորապես իմ կողմից բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵԱՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր․

  • ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին,
  • չնայած ԵԱՏՄ շրջանակներում քաղաքացիների և աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքի սկզբունքին՝ 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` ՌԴ սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին,
  • ՌԴ-ից ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ,
  • ՌԴ-ում ԵԱՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև ՀՀ ոսկերչական հարգադրոշմերի ճանաչմանը,
  • ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Թուրքիայից Ռուսաստան մի շարք պարենամթերքների ներմուծման արգելքի պատճառով ՌԴ մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների ստուգումներ, ինչը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքին ու խոչընդոտում արտահանման զարգացմանը։

Վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունն իմ կողմից հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։

Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին