Կարևոր իրադարձություններ

Այս ամսվա ամենաքննարկվածները. Շաբաթի Top 10

05 Դեկտեմբեր, 2015 11:47
Այս ամսվա ամենաքննարկվածները. Շաբաթի Top 10


 

Այս տասնյակում հայտնվել են դրական կամ բացասական առումով հանրային հնչեղություն ստացած այն տասը գործիչները, ովքեր ամենաակտիվն են քննարկվել ու լուսաբանվել Հայաստանում: Եվ այսպես.

 

10. Ռուզաննա Խաչատրյան

Մի նոր գեղեցիկ և ծաղկաշատ լուսանկար, ինչպես նաև կանանց ու ծաղիկների մասին մի նոր ֆեյսբուքյան գրառում, և նա դարձյալ մեծ քննարկում առաջացրեց սոցիալական ցանցերում: Ոմանք օրեցօր ավելի են հիանում այս գեղեցկագույն ու ռոմանտիկ կնոջ կերպարով, ոմանք նախանձում են նրա հագուստների և ծաղիկների բազմազանությանը, ոմանք էլ կարծում են, որ նրա հրապարակային գործունեությունն էականորեն վնասում է ժողովրդի կողմից սիրված ու հարգված նրա ամուսնու քաղաքական առաջընթացին:

 

 

9. Առաքել Մովսիսյան (Շմայս)

Ռուզաննա Խաչատրյանի մասին սուտ և ստոր լուրեր տարածողներին նա սպառնաց գլխատել ու բռնաբարել, իսկ ԱԺ էթիկայի հանձնաժողովը երկար քննարկումներից հետո վերջապես որոշեց, որ դա պատգամավորի վարքագծին հարիր սպառնալիք չէր: Նրան դաստիարակել ցանկացող այդ անատամ հանձնաժողովի որոշումը դեռ կհրապարակվի ԱԺ լիագումար նիստում, իսկ նա արդեն հրապարակել է իր խոր արհամարհանքն այդ հանձնաժողովի որոշման նկատմամբ և ամենևին հետ չի կանգնել յուր հարազատներին ամեն կերպ պաշտպանելու մտադրությունից:

 

8. Արմեն Աշոտյան

Նա նախ բազմիցս քննադատվեց շոումեն դառնալու համար, իսկ հետո շոու որակեց հարյուրավոր երեխաների խայտառակ պայմաններում պահելու իրեն ուղղված փաստարկված մեղադրանքը: Իր փիարային ձախողումների շարքը նա փորձեց շտկել սահմանադրական հանրաքվեի մասին բավական հաջողված վերջին իր հաղորդմամբ, որը սակայն դարձավ նվեր «ՈՉ»-ի թիմի համար: Սեփական կուսակցության քարոզչության դեմ գործելով և դրա հաշվին իր իմիջը վերականգնելու փորձերով` նրա որոշ կուսակիցներ սկսեցին կիսել Բաղրամյանի հանրության կարծիքն ու զգացմունքները:  

 

7. Զարուհի Փոստանջյան

Խորհրդարանում մեկ ամիս շարունակվող իր սենսացիոն ելույթներով նա դարձավ ամենասկանդալային գործիչը Հայաստանում: Նա ԱԺ ամբիոնից մարդկանց անընդմեջ հրավիրեց Ազատության հրապարակ և իրական հեղափոխություն անելու կոչեր հղեց: Դեկտեմբերի 1-ին շատերն անսացին նրա կոչին և եկան հրապարակ, սակայն այնտեղ այդպես էլ չտեսան իրենց սիրված հեղափոխականին: Նա ելույթ չունեցավ “դեկտեմբերյան մեծ հեղափոխության” հարթակից, փոխարենը ջղային ասուլիս արեց և բոլորին առաջարկեց սև ժապավենով ծաղիկներ դնել ՀՀԿ-ական գրասենյակների առաջ:

 

 

6. Վարդուհի Վարդերեսյան

Նա ամենասկզբունքային և ամենասիրված դերասանուհիներից էր: Ցավոք, միայն նրա մահվան լուրով բոլորը կրկին հիշեցին այս քաղցրաձայն ու պայքարող կնոջը: Կյանքից հեռացավ սիրված դերասանուհին և հազվագյուտ ընդդիմադիր մտավորականը` իր մասին բազում քաղցր հուշեր և գրառումներ արթնացնելով: Ինչպես միշտ, մեր հանրությունը կարողացավ մեծ մարդուն արժանիորեն հիշել ու քննարկել միայն նրա մահվան կապակցությամբ:

 

5. Արա Աբրահամյան

Շարունակվում է նրա նկատմամբ լրատվական տեռորն ու արհեստականորեն պահպանվող հանրային պսիխոզը: Մարդիկ չեն դադարում խոսել նրա մասին և փորձել գուշակել՝ ինչպես և ում հետ է նա մտնելու ներհայաստանյան քաղաքականության կեղտոտ հորձանուտը: Նրան ճանաչողները սիրում և սպասում են նրան, իսկ հայկական որոշ լրատվամիջոցներ փորձում են նրանով վախեցնել հանրությանը, սակայն կարողացել են դեռևս միայն ի ցույց դնել որոշքաղաքականուժերիևառանձինգործիչների մտահոգություններն ու տագնապները:

 

4.Ռոբերտ Քոչարյան

Մեկ հարցազրույց, և նա դարձյալ Հայաստանի ամենաքննարկվածների տասնյակում է: «Դոյչե Վելե»-ի հետ ինտելեկտուալ իր զրույցում նա ներկայացավ իբրև թարմացած, ուժեղացած և իմաստնացած գործիչ ու դարձյալ արթնացրեց իր մրցակիցների տագնապները, իր չսիրողների ատելությունը և իրենց ներկայիս դիրքավորումից դժգոհների հիացմունքն ու կարոտախտը: Իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից նրա խորքային ու բազմակողմանի քննադատությունը որակվեց որպես Քոչարյանի դիրքորոշումների մեղմացում և ամենևին չփոխեց իշխանական ճամբարի ուրախ և անամպ տրամադրությունը: Գոնե արտաքուստ:

 

3. Ժիրայր Սեֆիլյան

Ամբողջ ամիս քաղաքականացված հայ հանրությունն այս հարգարժան ազատամարտիկից սպասում էր Նոր Հայաստանի ծննդին, սակայն նա կրկնեց հին ու բարի հեղափոխական սցենարը: Մարդիկ հավաքվեցին վստահ ու արագ հեղափոխության խոստումներով և հեռացան այս խորհրդավոր գործչի խիստ հայացքների տակ` դեռ թաքուն պահվող ու շատ խոստումնալից հեղափոխական պլանի անհույս սպասումներով: Նրա անձի ու շարժման հետ փորձեցին կապել նաև զինված խմբավորման բացահայտումը, իսկ նա իր փոքրացող հանրահավաքների հետ փորձեց կապել Հայաստանի արագ ու իշխանափոխ փրկությունը:

 

2.Վլադիմիր Պուտին

Նա դարձավ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի ամենաքննարկված մարդը: Ռուսական ինքնաթիռի նկատմամբ թուրքական ագրեսիան լարեց ռուս-թուրքական հարաբերությունները և վերականգնեց բազմաթիվ հայերի ջերմ սերը Ռուսաստանի ու նրա խրոխտ նախագահի նկատմամբ: Իսլամական պետության փարիզյան ահաբեկչությունները վերականգնեցին եվրոպական շատ երկրների դրական սպասումները Ռուսաստանի առաջնորդից, իսկ հայաստանյան պուտինամոլներին հնարավորություն ընձեռեցին կրկին գովաբանել իրենց կուռքին և պնդել իրենց իրավացիության մասին:

 

1. Ռուբեն Հայրապետյան

Նա այս ամիս իրապես դարձավ ամենասենսացիոն գործիչը: Նախ մի խումբ ֆուտբոլասերներ սկսեցին ակցիաներ իրականացնել նրա դեմ, ապա ինքն էլ խախտեց վաղուց ավանդույթ դարձած իր լռությունը և իր մեկ հարցազրույցով ցնցեց հայ հանրությունը: Նա ազնիվ ու շիտակ պատասխաններ տվեց հայկական ֆուտբոլում առկա ծանր վիճակի մասին: Հայտնեց, որ իր դեմ ուղղորդված ակցիաներ են տեղի ունենում: Կիսվեց ծախված ֆուտբոլիստների մասին իր մտահոգություններով ու նաև խոստովանեց, որ հայ ֆուտբոլիստները կորցրել են իրենց մոտիվացիան: Այս ամենին հետևեց մի քանի աստղային ֆուտբոլիստների պատասխան հայտարարությունը, իսկ Հայրապետյանն այդ ամենի շնորհիվ դարձավ Հայաստանի ամենաքննարկված մարդը:

 

Չենք անդրադառնում հանրության կողմից լայնորեն քննարկված մյուս գործիչներին, քանի որ եթե հանրային գործիչն իր լավ կամ վատ գործերով այս տասնյակում չէ, ապա գոնե այս ամիս և այս համատեքստում նրան հիշատակելու կարիք չկա:

 

Շաբաթ-ի թղթակցակազմի և իր դիտարկումներն ամփոփեց և ներկայացրեց`

Տիգրան Գալստյան

 

Լրահոս

Դիտել ավելին