Կարևոր իրադարձություններ

«Դուք զգացիք, թե ես նեղսրտե՞լ եմ». Հովհաննես Սահակյանը՝ պաշտոն չունենալու և նոր խորհրդարանի մասին

24 Մայիս, 2017 12:41
«Դուք զգացիք, թե ես նեղսրտե՞լ եմ». Հովհաննես Սահակյանը՝ պաշտոն չունենալու և նոր խորհրդարանի մասին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ տեղեկություններին նշեց. «Մինչև հիմա իմ հնարավոր պաշտոնավարումների հետ կապված հրապարակված լուրերն ընդամենը մամուլի երևակայության տիրույթից են: Այս մասով որևէ նորություն լինելու դեպքում կտեղեկացվի: Ես հասկանում եմ, որ միգուցե որպես հրապարակային անձի՝ իմ նկատմամբ լրատվամիջոցների հետաքրքրությունը մեծ է, սակայն ես հորդորում եմ հետևել միայն պաշտոնական հայտարարություններին, այլ ոչ թե «մեր տեղեկություններով» կամ նմանատիպ գրառումներով հրապարակումներին»:

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Հովհաննես Սահակյանը կնշանակվի Լոռու մարզպետ՝ փոխարինելով Արթուր Նալբանդյանին, իսկ ավելի վաղ շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, թե Սահակյանը զբաղեցնելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ինչը սակայն տեղի չունեցավ:

ՀՀԿ նախկին պատգամավորը դրական է գնահատում խորհրդարանի նոր կազմը. «Երբ բուն նստաշրջանը սկսվի, Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր մարմին մտնի իր բնականոն աշխատանքային հունի մեջ, շատ ավելի պարզ կերևա, սակայն ընդհանուր շատ դրական եմ գնահատում նոր խորհրդարանը: Կարծում եմ՝ կունենանք խորհրդարանական Հանրապետությանը հարիր պառլամենտ»:

Հարցին, թե արդյոք չի նեղսրտել 6-րդ գումարման Ազգային ժողովում չընդգրկվելու պատճառով, Սահակյանը պատասխանեց. «Ինձ հետ խոսելիս դուք զգացիք, թե ես նեղսրտե՞լ եմ… Ընդհանրապես նեղսրտելը տղամարդու բնավորության գիծ չէ, առավել ևս որ այստեղ նեղսրտելու որևէ առիթ չկա: Մենք բոլորս թիմի անդամ ենք, թիմային աշխատանքի կողմնակից, իսկ թիմի ղեկավարի որոշումը հարգում և ընդունում ենք»:

 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին