Կարևոր իրադարձություններ

«Տոնավաճառներում իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ. որևէ մեկը մինչև հիմա չի տուգանվել». ՊԵԿ նախագահ

27 Ապրիլ, 2017 12:37
«Տոնավաճառներում իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ. որևէ մեկը մինչև հիմա չի տուգանվել». ՊԵԿ նախագահ

 

«Մեր կողմից իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ, և որևէ մեկը մինչև հիմա չի տուգանվել»,- այսօր` ապրիլի 27-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի դիտարկմանը, թե տոնավաճառներում առևտրային գործունեություն իրականացնողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը:

«Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբերի ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում նախազգուշացումների արդյունքում, կարող եմ ասել, որ դրական միտում կա: Միջին ու փոքր տնտեսվարողները հասկացել են, որ իրենց ուղղված չէր այս ամենը, այլ ուղղված էր խոշոր բիզնեսին»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Նա հավելեց, որ կազմվել է համատեղ աշխատանքային խումբ, և սպասում են` նրանց կողմից ներկայացվեն առաջարկներ համատեղ քննարկման համար:
 
«Շատ հստակ դա շարունակում ենք, մեր գաղափարախոսությունը հետևյալն է ՝ փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու, բայց այդ բեռը չավելացնելով՝ մենք պետք է հասկանանք, որ հաշվառումը խոշոր բիզնեսի մենք ունենալու ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին