Կարևոր իրադարձություններ

«Ապրիլի 2֊ի ՀՀ ԱԺ ընտրությունների հետ կապված ակամայից պատմական զուգահեռներ տանելու միտք առաջացավ»

05 Ապրիլ, 2017 12:31
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ապրիլի 2֊ի ՀՀ ԱԺ ընտրությունների հետ կապված ակամայից պատմական զուգահեռներ տանելու միտք առաջացավ»

Պատմական զուգահեռներ տանելը խիստ պայմանական, որոշ դեպքերում գուցե և անտեղի է, բայց 2017թ․ ապրիլի 2֊ի ՀՀ ԱԺ ընտրությունների հետ կապված ակամայից պատմական զուգահեռներ տանելու միտք առաջացավ։ Բայց մինչ այդ միտքս ներկայացնելը, փոքր անդրադարձ մեր երկու տարվա որոշ անցուդարձին։ 

Սերժ Սարգսյանի սահմանադրության դեռ նախագծային տարբերակի քննարկման ժամանակ, մենք այն որակեցինք որպես կուսակցապետության ամրագրման սահմանադրություն՝ հանձինս կայուն քաղաքական մեծամասնության հասկացության ներդրման։

Ցույց տվեցինք և հիմնավորեցինք այդ հասկացության կիրառման վտանգավոր հետևանքները Հայաստանի Հանրապետության համար։ Այն ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, դրա ուղղակի և անմիջական արտահայտությունն է։

Եվ ակամա զուգահեռներ առաջացավ 1930֊ականների Գերմանիայի հետ, երբ Նացիստական կուսակցությունը Ռայխստագի ընտրություններում ըստ էության ազատ/գուցե և շատ ավելի ազատ, քան այս ապրիլյան Հայաստանում/ քվեարկության արդյունքում ստացավ մեծամասնություն և ձևավորեց կառավարություն։

Ակնհայտ է, որ գերմանացիների մեծամասնությունը քվեարկեց այդ կուսակցության օգտին։

Ցավոք, հիմա չեմ կարող մեջբերել, հղումներ ներկայացնել այն աղբյուրներին, որոնցում ներկայացվում է այդ ժամանակվա Գերմանիայի տարբեր ողջախոհ, առողջ մտածելակերպ ունեցող մարդկանց՝ գրողների, գիտնականների, նկարիչների, հասարակական ֊քաղաքական գործիչների վերաբերմունքը, գնահատականները Նացիստական կուսակցության հաղթանակի վերաբերյալ։ Ցանկացողները կարող են իրենք հայթայթել, գտնել նման աղբյուրներ։

Շատ հետաքրքիր ու մեր իրավիճակի համար կարևոր կլիներ իհարկե ծանոթանալ, հասկանալ, այդ մարդկանց կարծիքները, գնահատականները, հոգեվիճակը, որոնք ակնհայտ անակնկալի էին եկած իրենց պետությունում նացիստների նման կուսակցության հաղթանակի փաստից․․․․

Համոզված եմ, շատ հետաքրքիր ընդհանրություններ կգտնենք այսօրվա մեր ընկալումների, հոգեվիճակի հետ։

Միայն մեկ արմատական տարբերություն կա այդ ժամանակաշրջանի և մեր ներկայի միջև։

Այն ժամանակվա Եվրոպան, աշխարհը դեռևս ծանոթ չէին նացիստական կուսակցության իշխանության քաղաքականության "արդյունքներին" , որին և Աշխարհը, և առաջին հերթին Եվրոպան արդեն ծանոթ են, և կարծես թե դասեր քաղել են։

Իսկ մենք, քաղե՞լ ենք․․․․

 

Լրահոս

Դիտել ավելին