Կարևոր իրադարձություններ

Տեխնիկական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ աջակցել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնին. Ավանեսյան

26 Նոյեմբեր, 2024 20:15
Տեխնիկական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ աջակցել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին:

Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում՝ առողջապահության ոլորտում:

Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին՝ նախարարն իր եույթում անդրադարձել է Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության շրջանակային փաստաթղթին, որը սահմանում է 2024-2029թթ. տեխնիկական համագործակցության թիրախները հետևյալ ուղղություններով` ախտորոշիչ և ռադիոթերապիայի ծառայություններ, շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգ, միջուկային կարգավորող ենթակառուցվածքների հզորացում, միջուկային էներգիայի անվտանգ արտադրություն և ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների բարձրացում:

«Տեխնիկական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ աջակցել են Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ ստեղծելու ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած միջուկային բժշկության բաժանմունք, որը թույլ է տալիս հասանելի դարձնել մի շարք ծառայություններ քաղցկեղ ունեցող մեր պացիենտների համար: Առանձնակի կարևորում եմ փորձագիտական ծառայությունների և մասնագետների վերապատրաստման ծրագրերը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով ուռուցքաբանության ոլորտում կարողությունների զարգացման գործում գործակալության հետ համագործակցության փորձը։

Այցի շրջանակներում նախատեսված է նախարարական հռչակագրի ընդունում, երկկողմ մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, ԱԷՄԳ անդամ-երկրների ներկայացուցիչների հետ։

«Առողջապահության նախարարությունը կարևոր է համարում «Rays of Hope» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությունը, ինչը թույլ կտա առաջիկա տարիներին լուրջ զարգացում ակնկալել ոլորտում և կնպաստի Հայաստանում ճառագայթային և միջուկային բժշկության ոլորտի բնականոն զարգացմանը և հնարավորություններ կստեղծի ապագայում որպես խարսխային կենտրոն հանդես գալուն՝ ապահովելով ճառագայթային բուժման բարձր տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումների հասանելիությունը ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների մարդկանց համար»,- ելույթում նշել է նախարար Ավանեսյանը և շարունակել,- «Հայաստանը հավանություն է տալիս Նախարարական հռչակագրին, որն արտացոլում է մեր համատեղ ջանքերը՝ ուղղված հետազոտությունների ընդլայնմանը և միջուկային ռեսուրսների անվտանգ և պատասխանատու օգտագործման ապահովմանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին