Կարևոր իրադարձություններ

Երևանը չի պատրաստվում բալիստիկ հրթիռներ արձակելուց առաջ որեւէ մեկից թույլտվություն հայցել. «ՀԺ»

04 Մարտ, 2017 10:08
Երևանը չի պատրաստվում բալիստիկ հրթիռներ արձակելուց առաջ որեւէ մեկից թույլտվություն հայցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»‐ին ասաց, որ «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները եւ դրանք կիրառելու որոշումը պատկանում է Հայաստանի Զինված ուժերին, ռուսաստանցի անկախ, կիսանկախ եւ ոչ անկախ վերլուծաբանները մեկը մյուսի հետեւից կասկածի տակ դրեցին այդ հայտարարությունը:

Մինչ այդ նրանք ղարաբաղյան ճակատում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ էին կանխատեսում: Դրանից հետո կանխատեսումները փոխվեցին, պարզվեց, որ չկան նախադրյալներ այնպիսի մասշտաբային առճակատման համար, որը հայկական կողմին բալիստիկ հրթիռ արձակելու հիմքեր կտա: Ոմանք ուղղակի, անուղղակի վրդովմունք էին արտահայտում, չթաքցնելով, որ ռուսական ականջին հաճելի չեն Երեւանից հնչող այդօրինակ համարձակ հայտարարությունները:

Սույն հայտարարությունը համարձակ է համարվում, որովհետեւ ՌԴ‐ն «Իսկանդեր»‐ները Հայաստան է ուղարկել` համոզմունքով, որ հրթիռ արձակել‐ չարձակելու որոշումը միեւնույն է, ինքն է կայացնելու: Մոսկվան այդպես է արդարացել նաեւ ադրբեջանցի բարեկամների հետ զրույցներում: Եւ հանկարծ Հայաստանի ՊՆ երիտասարդ նախարարը, որն անգամ բանակում կարգին չի ծառայել, ամենայն հանգստությամբ եւ ինքնավստահությամբ հայտարարում է, թե Հայաստանը կորոշի՝ երբ եւ որ ուղղությամբ արձակել «Իսկանդերի» հրթիռները: Ռազմավարական դաշնակցի ցասումը մեծ է:

Եթե միայն Վիգեն Սարգսյանի հայտարարությունով ամեն ինչ ավարտվեր, դեռ կարելի էր մեկնաբանել, թե նոր նախարար է, անփորձ է, չգիտի`ինչ կարելի է ասել, ինչ`ոչ: Բայց նախօրեին կրկին ռուսական հարթակից այս անգամ Բակո Սահակյանը շեշտեց, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը եւ տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն:

Նրան էլ հաջորդեց Սերժ Սարգսյանը: «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»,‐ նախօրեին ԱԳ նախարարությունում ասաց նա:

Ընդ որում, Սարգսյանը նաեւ հստակեցրեց, որ տրամադրված չէ համակարգերը կիրառելուց առաջ ինչ‐որ մեկին զանգել` համաձայնեցնելու կամ թույլտվություն վերցնելու համար: Դրանք ժամանակ պահանջող գործողություններ են, մինչդեռ նա հայտարարեց. «Մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու....»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանի նման պահվածքը թերեւս աննախադեպ է: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես պաշտոնական Երեւանի եւ Մոսկվայի շփումներում նոր որակ նկատվեց, բայց թվում էր, թե ՌԴ մահացու հարվածները չեն ուշանա եւ ծիլ տվող այդ երեւույթն արագ արմատախիլ կարվի: Պետք է ասել, որ առայժմ դա տեղի չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին