Կարևոր իրադարձություններ

Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են

01 Մարտ, 2017 15:26
Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ արտաքին առևտրի ազատականացմանը, ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը և կրճատմանը զուգընթաց մաքսային հսկողությունը ՀՀ կառավարության ծրագրային միջոցառումների տրամաբանությամբ նոր շեշտադրում է ստացել: Ներմուծման ժամանակ, ապրանքների ձևակերպման և հայտարարագրման փուլում, նվազագույնի հասցնելով մաքսային հսկողությունը, միաժամանակ հնարավոր խախտումներն ու անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով հսկողությունն իրականացվում է նաև ապրանքների բացթողումից հետո:

Հետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները, որոնք մշակվել են միջազգային փորձի հիման վրա. «Հատուկ ծրագրային ապահովման միջոցով յուրաքանչյուր չափանիշով տնտեսվարողին տրվում է ռիսկի աստիճան, ինչի հիման վրա էլ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները տարբերակվում են ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության:

Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսվարողները թիրախից դուրս են մնում»: Ըստ Սիմոն Սարգսյանի, մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության վարչությունում համակողմանի վերլուծվում և ուսումնասիրվում են «TWM» և «Հարկատու-3» համակարգերի տեղեկությունները: Օգտագործվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ, մասնավորապես հատուկ մանրադիտակով զննվում է փաստաթղթերի իսկությունը: Անհրաժեշտության դեպքում կատարվում են ճշտումներ այլ իրավասու մարմիններից, ինչպես նաև՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից: «Այս ամենն իրականացվում է տնտեսվարողից աննկատ՝ առանց բիզնեսին միջամտության:

Այսպիսով, վերլուծական և ընտրողական նման համակարգի արդյունքում մեծանում է խախտումների բացահայտման հավանականությունը»,-ընդգծել է հետբացթողումային հսկողության վարչության պետը: 2016-ին իրականացվել է 26 մաքսային ստուգում. 12-ը՝ կամերալ, 14-ն՝ արտագնա: 13 դեպքով բացահայտվել է ոչ իրական, նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր և պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերաարտահանում: Վերջին շրջանում արտաքին առևտրի ազատականացման շնորհիվ զգալիորեն մեծացել է գործարքի գնի հիման վրա մաքսային արժեքի հայտարարագրման տեսակարար կշիռը:

Սիմոն Սարգսյանի հավաստմամբ՝ վարչությունը հետևողական է նման գործարքներում հնարավոր խախտումները բացահայտելու հարցում. վերջին 3 ամսվա հարցումներով օտարերկրյա պետությունների մաքսային մարմիններից 69 կազմակերպության փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ են ստացվել. «2016 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արտոնություններով իրականացված մաքսային ձևակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, լրացուցիչ հաշվարկվել՝ պակաս վճարված մաքսային վճարները»:

 

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին